• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլերենի ընտրությամբ դասընթաց

Ավագ դպրոց

10-11-րդ դասարան

2012-2013 ուստարվա ծրագիրը

Բացատրագիր

Որպես ՀՀ ԿԳ նախարարության կողմից  հաստատված հանրակրթական ավագ դպրոցի «Անգլերեն» առարկայի չափորոշիչի և ծրագրի այլընտրանք` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի անգլերենի ընտրությամբ գործունեության ծրագրում առանձնակի կարևորություն է տրված ուսումնական միջավայրին, որը թույլ է տալիս անգլերենի ընտրությամբ գործունեությունն իրականացնել ՏՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ: Ժամանակակից տեղեկատվական միջոցները, ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակը, դասապրոցեսի ընթացքում համացանցի մշտական հասանելիությունը, դասավանդողի ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը, սովորողների և դասավանդողների համակարգչային ծրագրերի գործնական իմացությունը թույլ են տալիս ավելի արդյունավետորեն հասնել ավագ դպրոցում օտար լեզվի դասավանդման գլխավոր նպատակին: Այս ամենի առկայությունը հնարավորություն է տալիս սովորողներին և դասավանդողներին ավելի շատ զբաղվել ստեղծական և ստեղծագործական աշխատանքով, օտար լեզուն որպես գործիք օգտագործելով` ուսումնական նախագծեր իրականացնել, որոնց հիմքում ընկած է հայ մշակույթն անգլերեն ներկայացնելու, անգլերենով գրված աղբյուրներից օգտվելով համաշխարհային մշակույթի, քաղաքականության և տնտեսության պատմությանը և նորություններին առնչվելու կարողությունների զարգացումը, ինչը սովորողների համար նախնական հիմքեր է ստեղծելու մասնակից լինել միջազգային կրթական, մշակութային և տնտեսական փոխանակումներին:

Ավագ դպրոցում ուսումնասիրվող թեմաները պետք է այնպիսին լինեն, որ սովորողը ձեռք բերի բնության, հասարակության մշակութային արժեքների վերաբերյալ կարծիք արտահայտելու և տեղեկություն հաղորդելու համար անհրաժեշտ բառապաշար և խոսքային կարողություններ:

Թվային միջոցները որպես ուսումնական գործիք օգտագործելը օգնում է սովորողին ավելի տեսանելի արժևորել իր ստացած գիտելիքները և ձեռք բերած կարողությունները իր առարկայական էլեկտրոնային փաթեթում, իսկ դասավանդողին էլ` ավելի լավ գնահատել սովորողի կատարած աշխատանքը: Գնահատման այս համակարգը նկարագրված է ծրագրի «Սովորողի ուսումնական գործունեության գնահատման համակարգը» ենթաբաժնում:
Ներկայացվող ծրագրի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ կարևորություն է տրվում ուսումնական ճամփորդություններին, որոնց ճիշտ կազմակերպումը էապես բարձրացնում է ուսման արդյունավետությունը:
Ծրագրում կարևորվում են նաև դասավանդողների և սովորողների հետազոտական և ստեղծագործական աշխատանքները, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ  ուսումնական նախագծերը:

Ընդհանուր նպատակը
Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում անգլերենի ընտրությամբ դասընթացի այլընտրանքային ծրագրով դասավանդումը նպատակաուղղված է հայ մշակույթն ու հասարակական կյանքն անգլերեն ներկայացնելու, այլ երկրների ժողովուրդների մշակույթի և հասարակական կյանքի մասին անգլերեն աղբյուրներից օգտվելու, ինչպես նաև հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն թարգմանական կարողությունների զարգացմանը մեդիամիջավայրում:

Ուսումնական միջավայրը
Ավագ դպրոցում դասարանի սովորողների թիվը 20-22 է: Ընտրությամբ գործունեության խմբերը ձևավորվում են ըստ սովորողների լեզվական իրազեկության աստիճանի` միջին և բարձր մակարդակ: Անգլերենի ընտրությամբ գործունեությունը կազմակերպելու համար դասասենյակ-կաբինետները պետք է կահավորված լինեն համացանցին միացված համակարգիչով, պրոյեկտորով, ձայնային ուժեղարարներով, ձայնագրիչով, թվային ֆոտոխցիկով, անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն բառարաններով ու տեղեկատվական գրքերով:
Տանը սովորողը պիտի ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և հնարավոր այլ ՏՀՏ միջոցներ:
Դասավանդողը տանը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ:  

Բովանդակությունը
10-րդ դասարան
Ժամաքանակը - շաբաթական 4 ժամ
Ուսումնասիրվող թեմաները

  • Հայերը և կրթությունը
  • Մեսրոպ Մաշտոցի սուրբ գործը
  • Վաղարշապատի դպրոցը
  • Դավիթ Անհաղթ
  • Անանիա Շիրակացի
  • Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
  • Մխիթար Գոշ
  • Մխիթար Սեբաստացի
  • Մոսկվայի Լազարյան ճեմարանը և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը
  • Խաչատուր Աբովյան, Միքայել Նալբանդյան, Ղազարոս Աղայան
  • Հանրակրթական դպրոցը Խորհրդային Հայաստանում
  • Հանրակրթական դպրոցը Հայաստանի Հանրապետությունում
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
  • Հանրակրթությունը Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում
  • Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստեղծագործական հավաքները

Ակնկալվող խոսքային կարողությունները ուսումնական տարվա վերջում
Լսելով հասկանալու և խոսելու կարողություններ

  • Կարողանալ կրթությանը վերաբերող թեմատիկ բառապաշարով (ծրագրի հավելվածում տրված է կրթությանը վերաբերող թեմատիկ բառապաշար, որը կարող է լրացվել սովորողների և դասավանդողների կողմից) զրուցել հայ ժողովրդի պատմության մեջ կրթության և մշակույթի մեծ երախտավորների, հայ կրթական պատմական կենտրոնների և մերօրյա կրթական բարեփոխումների մասին

Ընթերցելով հասկանալու կարողությունները 

  • Կարողանալ համացանցում գտնել և բառարանի օգնությամբ կարդալով հասկանալ կրթությանը վերաբերող B1-B2 լեզվական մակարդակի տեքստեր
  • Կարողանալ առանց բառարանի օգնության կարդալ և հասկանալ A2 մակարդակի կրթական թեմայով տեքստեր
  • Գրելու կարողությունները  
  • Կարողանալ առանց բառարանի օգնության կրթական-մշակութային թեմայով A2 մակարդակի տեքստեր գրել. օրինակ` «Իմ ավագ դպրոցը», «Դասավանդող և սովորող կապը» և այլ նմանատիպ բովանդակության շարադրանքներ ստեղծել
  • Կարողանալ բառարանի օգնությամբ գրել տեքստեր կրթության բնագավառում հայ մեծ գործիչների մասին
  • Կարողանալ գրավոր ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

11-րդ դասարան
Ժամաքանակը – շաբաթական 4 ժամ
Ուսումնասիրվող թեմաները

  • Հայաստանի պատմամշակութային հուշարձանները
  • Էջմիածինը որպես ամբողջ հայության հոգևոր կենտրոն
  • Հայ թատրոնի համառոտ պատմությունը. Պետրոս Ադամյան, Սիրանույշ, Վահրամ Փափազյան, Հովհաննես Աբելյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան
  • Ժամանակակից հայ թատրոնը
  • Հայկական կինոն. Համո Բեկնազարյան, Յուրի Երզնկյան, Փարաջանով, Հենրիկ Մալյան, Ալբերտ Մկրտչյան
  • Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան
  • Հ. Թումանյանի գործերի անգլերեն թարգմանությունները
  • Ե. Չարենցի գործերի անգլերեն թարգմանությունները
  • Հայ գրողների և բանաստեղծների գործերի անգլերեն թարգմանությունները
  • Վարդգես Սուրենյանց, Գևորգ Բաշինջաղյան, Հովհաննես Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Հակոբ Հակոբյան
  • Մատենադարան 
  • Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստեղծագործական հավաքները

Ակնկալվող խոսքային կարողությունները ուսումնական տարվա վերջում
Խոսելու և լսելով հասկանալու կարողությունները

  • Կարողանալ ընդհանուր տեղեկություններով ներկայացնել Հայաստանի ամենանշանավոր պատմամշակութային հուշարձանները, պատասխանել դրանց վերաբերող հարցերին
  • Գործածելով թատրոնը և կինոն ներկայացնելու բնորոշ բառապաշար, կարողանալ զրուցել հայ թատրոնի և կինոյի անցյալի և ներկայի մասին
  • Ted.com կայքում գտնել թատրոնի և կինոյի մասին հետաքրքիր տեսանյութեր և կարողանալ լսելով հասկանալ դրանք
  • Կարողանալ պատասխանել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի երաժշտական ժառանգությանը վերաբերող հարցերին, որոնք ակնկալում են ոչ մասնագիտական ընդհանուր տեղեկությունների իմացություն
  • Կարողանալ նայելով նկարներին խոսել հայ մեծ նկարիչների ամենահայտնի գործերի մասին
  • Կարողանալ արտասահմանցի հյուրին ընդհանուր տեղեկություններ տալ Մատենադարանի հոգևոր գանձերի մասին

Ընթերցելով հասկանալու կարողություն

  • Կարողանալ կարդալ և հասկանալ պատմամշակութաային հուշարձաններ նկարագրող տեքստեր, որոնք գրված են այդպիսի տեքստերին բնորոշ բառապաշարով. օրինակ, ճարտարապետական լուծում-architectural solution, գմբեթ-dome, խորան-altar, մատուռ-chapel, սրբապատկեր-icon, որմնանկար-fresco, խաչքար-cross stone, …             http://www.aviewoncities.com/_architecturalterms.htm
  • Կարողանալ կարդալ և հասկանալ թատրոնի և կինոյի բնագավառներին բնորոշ բառապաշարով գրված տեքստեր. օրինակ, բեմադրել պիես- stage a play, ֆիլմ նկարահանել – shoot a film, բեմական փորձ – rehearsal, կինոստուդիա- film studio, ֆիլմ թողարկել – release a film, ֆիլմում կամ բեմադրության մեջ ընդգրկված դերասանների խումբը – cast, …http://www.tctwebstage.com/glossary.htm , http://www.filmsite.org/filmterms.html
  • Կարողանալ կարդալ և ընդհանուր առմամբ հասկանալ երաժշտություն մեկնաբանող տեքստեր իրենց բնորոշ բառապաշարով. օրինակ, երգչախումբ – choir, ժողովրդական երգ – folk song, երգ գրել – compose a song, …
    http://www.classicalworks.com/html/glossary.html
  • Կարողանալ կարդալ և հասկանալ գեղանկարչություն մեկնաբանող տեքստեր իրենց բնորոշ բառապաշարով. օրինակ, բնանկար-landscape, ծովանկար-marine picture, նատյուրմորտ – still life, գույների համադրություն – combination of colours, դիմանկար – portrait, յուղանկար – oil painting, գծանկար – drawing, …
    http://www.artcyclopedia.com/scripts/glossary-art-a.htmlhttp://www.artcyclopedia.com/scripts/glossary-art-a.html

Թարգմանական կարողություններ

  • Կարողանալ առանց բառարանի օգնության փոխադրել (վերարտադրել տեքստի ընդհանուր բովանդակությունը)  պատմամշակութային հուշարձանների, թատրոնի, կինոյի, գեղանկարչության, երաժշտության մասին գրված ոչ մասնագիտական հանրամատչելի տեքստեր անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն
  • Կարողանալ բառարանի օգնությամբ թարգմանել պատմամշակութային հուշարձանների, թատրոնի, կինոյի, գեղանկարչության, երաժշտության մասին գրված ոչ մասնագիտական հանրամատչելի տեքստեր անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն

Ուսումնական պարապմունքի արդյունավետությունը

  • Յուրաքանչյուր սովորող գիտակցում է, որ ինքը աշխատում է մի ստեղծագործ թիմում, այլ ոչ թե սովորում է ուսուցչի հանձնարարած դասը:
  • Համակարգիչը և պրոյեկտորը գործածվում են միայն տվյալ դասի նպատակին հասնելու համար, այլ ոչ թե ինքնանպատակ:
  • Ծրագրի յուրաքանչյուր ուսումնական թեմայի յուրացումը նպաստում է հետևյալ ձեռքբերումներին.

ա) հայ մշակույթն անգլերենով ներկայացնելու կարողությունների ձևավորում
բ) թարգմանական կարողությունների բարելավում
գ)  Սովորողը գիտակցում է, որ իր նպատակին հասնելու համար ՏՏ միջոցները պետք է որպես գործիք օգտագործի: 

Սովորողի աշխատանքի կազմակերպումը տանը որպես տնային հանձնարարությունների կատարում և որպես ինքնակրթություն

  • Սովորողի տնային աշխատանքը կարող է ներառել`
  • Ուսումնասիրվող թեմայի տեղեկատվության փնտրտուք համացանցում
  • Անգլերեն նյութի փոխադրում հայերենի և հակառակը
  • Անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանություններ
  • Հետազոտական առաջադրանքի, այդ թվում` մեդիաօլիմպիադայի նախագծերի և առաջադրանքների կատարում
  • Ստեղծագործական գրավոր խոսք (շարադրություն, մեդիաօլիմպիադայի, ստուգատեսների առաջադրանքների կատարում)
  • Կատարած հետազոտական և տեղեկատվական աշխատանքների մասին  www.mskh.am կայքի համար անգլերեն կամ հայերեն նյութի ստեղծում
  • Ted.com կայքից որևէ նյութ լսելուց հետո տեղեկատվության ներկայացում անգլերենով

Միջառարկայական կապերի ապահովումը

Ներկա ծրագիրը լավագույնս ձևով ապահովում է միջառարկայական կապերը: Փաստորեն սովորողների կատարած տնային հանձնարարությունները, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նախագծերը, ճամփորդությունները վերաբերում են «հայ ժողովրդի պատմություն», «գրականություն», «արվեստի պատմություն» առարկաներին իրենց բովանդակությամբ: Անգլերենը ծառայում է և´ որպես գործիք, և´ որպես ուսումնառության նպատակ:

Սովորողի հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները

Դասավանդողի ղեկավարությամբ սովորողների հետազոտական աշխատանքի ընթացքը պետք է իր մեջ ներառի`

  • տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելը և մշակելը
  • հիմնական տեղեկատվությունը տարբերելը երկրորդականից
  • երևույթների հատկանիշների և օրինաչափությունների բացահայտումը, դրանց իրար հետ համեմատումը, զուգադրումը, վերլուծումը
  • եզրահանգումներ անելը:

Ստեղծված էլեկտրոնային ուսումնական նյութերը պետք է լինեն հավաստի հիմնավորումներով, հնարավորին չափ սեփական ուժերով արված, լուսանկարներով և գրագետ:

Ստուգման և գնահատման կարգը
Սովորողների լեզվական գիտելիքները և կարողությունները ստուգվում են երկու անգամ` կիսամյակների վերջում: Վերջնական գնահատականը դրվում է` հաշվի առնելով սովորողի ուսումնական գործունեությունը:
Ուսումնական գործունեությունը գնահատվում է սովորողի ուսումնական փաթեթի միջոցով, որը տեղադրվում է սովորողի փոստի անհատական էջում` SkyDrive-ում: Գնահատումը կատարվում է 10 բալային համակարգով:
Սովորողի ուսումնական փաթեթում հաշվի են առնվում ուսումնական գործունեության հետևյալ ձևերը իրենց գործակիցներով.

  • Տնային աշխատանքների կատարում (0,1)
  • Դասարանական աշխատանք (0,1)
  • Մեդիաօլիմպիադաների պատասխաններ (0,2)
  • Նյութեր կրթահամալիրի կայքում  (0,1)
  • Հետազոտական աշխատանք (0,2)
  • Ճամփորդություններին մասնակցելը  (0,1)
  • Ընդհանուր պարապմունքներին մասնակցելը (0,1)
  • Թարգմանություններ (0,1)

Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական ճամփորդությունները պլանավորվում են մայիս-հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Յուրաքանչյուր ճամփորդության նպատակակետի մասին սովորողները տեղեկատվություն են ստանում անգլերեն: Ճամփորդության ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց ստացած տեղեկատվությունը` ավելացնելով իրենց ստացած տպավորությունները: Ճամփորդությունից հետո սովորողները նյութ են տեղադրում կրթահամալիրի անգլերեն էջում:
Սովորողներն իրենց ուսումնառության ընթացքում պետք է լինեն հետևյալ վայրերում.
Հայաստանի ազգային պատկերասրահ, Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, Հովհաննես Թումանյանի տուն թանգարան, Մատենադարան, Եղիշե Չարենցի տուն թանգարան, Էջմիածին, Գեղարդավանք, Հաղպատի վանք:
Ուսումնառության ընթացքում կազմակերպվելու են հանդիպումներ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի, արվեստաբան Շահեն Խաչատրյանի և կրթական-հասարակական գործիչ Աշոտ Բլեյանի հետ: 
Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա-հասարակական նախագծեր)

  • Հայ մշակույթի գործիչների մասին անգլերենով էլեկտրոնային ուսումնական նյութերի ստեղծում
  • Որպես երկարաժամկետ ուսումնական նախագիծ` դասավանդողի և սովորողների համատեղ հետազոտական և թարգմանական աշխատանքի արդյունքում իր նախադեպը չունեցող ավագ դպրոցի սովորողների համար երկու ուսումնական դասընթացների ստեղծում` «Armenians and Education», «Great Figures in Armenian Culture»: 

Յուրա Գանջալյան
9 օգոստոսի, 2012թ
 

 

Կարծիք

Ինչ հավես ծրագիր եք կազմել, տիար Յուրա ջան:

Կարծիք ավելացնել