• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Թուրքիայի տպավորությունները

 

Հուսով եմ, որ արդեն գիտեք, որ մենք մի խումբ աշակերտներով գտնվում ենք Թուրքիայում տիկին Հասմիկի և ընկեր Արտակի հետ` Իզմիրի տիեզերական ճամբարին մասնակցելու համար: Ուզում եմ պատմել ձեզ իմ տպավորությունների մասին: Նախ ասեմ, որ ես իմ ամբողջ կյանքում երբեք ծով չէի տեսել նախքան Թուրքիա գալս: Եվ ճանապարհին ես տեսա, վերջապես տեսա թե ինչ է նշանակում ծով, թե ինչ յուրահատկություն ունի նա, թե ինչու էին բոլորը ծովի մասին հիացմունքով խոսում: Յուրահատկություն, մեծ յուրահատկություն ունի ծովը, բայց ամեն մարդ մի ձևով է տեսնում, զգում ու պատկերացնում այն: Ու գիտեք, թե ինչ եմ զգում ես ծովին նայելիս: Երևի արդեն հասկանում եք, թե ինչը` անսահման ազատությունը, անծայրածիր կապույտը` բաց և մուգ երանգներով:

Շատ տպավորված եմ այն բանից, որ մենք ճանապարհորդել ենք երկու գիշեր: Շատ հաճելի է գիշերով ճամփա ընկնելը, էն էլ «աննման» ընկերների հետ: Գիտեք, թե ինչ հաճելի է մեքենայից իջնել ու նայել երկնքին գիշերով: Այնքան շատ աստղեր կան փայլփլուն ու գեղեցիկ:

Թուրքիան աչքի է ընկնում իր բազմաթիվ մզկիթներով: Շատ վախեցա լսելով թուրքական աղոթքի`նամազի երաժշտությունը: Նաև վախեցա ընկերներիցս լսելով մի քանի թուրքական ու կրոնական սովորույթների մասին: Ինձ համար թուրքերը մի քիչ անհասկանալի մարդիկ են, բայց հուսով եմ ժամանակի ընթացքում նրանց էլ կհասկանամ: Մենք` հայերս և թուրքերս ընդանուր բաներ քիչ ունենք, իսկ եթե ունենք անցյալ, ուրեմն միայն վատը: Բայց փորձում եմ քիչ մտածել մեր անցյալի մասին:

Հետագայում նորից կպատմեմ իմ տպավորությունների մասին…

Կարծիք

Մարիամիկ ջան, քո պայծառ ու լուսավոր հայացքով նայիր այսօրվա Թուրքիային ու նրա բնակիչներին ու այդպես փոխանցիր քո տպավորությունները: Դա շատ հետաքրքիր կլինի:

Մարիամ ջան, հավատա աչքերիդ ու սրտիդ: Միտքդ թող հիմա հանգստանա, հատկապես անցյալի մասով:

Տիկին Մարիետ, տիար Գեւորգ, միանում եմ ձեր շատ տեղին հորդորներին:

Կարծիք ավելացնել