• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեծ արտիստը. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

 

Բոլորը գիտեն, որ օտար լեզուների և հատկապես անգլերենի իմացությունը օգնում է այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ շփմանը, բայց արի ու տես, որ այս համընդհանուր ճշմարտության զորությունը խամրում է իրապես մեծ արտիստների դեպքում: Տարիներ առաջ ես մի հաղորդում տեսա հեռուստատեսությամբ, որի ընթացքում Սերգեյ Իսրաելյանը պատմեց մի միջադեպի մասին, որի ականատեսն էր եղել ինքը 1970-ական թվականներին:Եվ հիմա ես հիշելով կվերապատմեմ այն, ինչը լսեցի այդ օրը:

Սերգեյ Իսրայելյանը և Մհեր Մկրտչյանը Մոսկվայի մի հյուրանոցի սրահում էին և քայլերն ուղղեցին դեպի վերելակի դուռը: Հենց այդ պահին Մհեր Մկրտչյանը նկատում է հնդիկ մեծ դերասան Ռաջ Կապուրին, ով շրջապատված էր իրենից հարցազրույց վերցնող լրագրողներով: Մհեր Մկրտչյանը շրջվում է Սերգեյ Իսրայելյանի կողմը և ասում. “Տես, տես Ռաջ Կապուրը”: Այդ ժամանակ նրանք արդեն հասել էին վերելակի դռանը և ուզում էին սեղմել կոճակը և հենց այդ պահին կատարվեց անհավատալին: Հանկարծ Ռաջ Կապուրը փութաջանորեն ազատվեց լրագրողների խմբից ու արագ մոտեցավ վերելակի մոտ կանգնած ու զարմանքով նրան նայող մեր հերոսներին: Ռաջ Կապուրը “Hello” ասելով ամուր գրկեց Մհեր Մկրտչյանին: Անցավ մի քանի վայրկյան, նա հետ քաշվեց, լայն ժպիտով նորից նայեց Մհերին, կարծես համոզվելու համար, որ ինքը չի սխալվում ու նորից գրկեց նրան: Այնպիսի տպավորություն էր, որ երկու շատ մոտ ընկերներ երկար ժամանակ չէին հանդիպել իրար: Դրանից հետո սկսեցին խոսքերով ողջունել իրար` Ռաջ Կապուրը անգլերեն, իսկ Մհեր Մկրտչյանը` հայերեն: Ռաջ Կապուրը չէր ուզում բաց թողնել Մհերին, և Մհերն էլ չէր ուզում բաժանվել Ռաջ Կապուրից: Երեքով գնացին Ռաջ Կապուրի հյուրանոցային սենյակը ու մինչև լույսը բացվելը խոսեցին` Մհեր Մկրտչյանը հայերեն, իսկ Ռաջ Կապուրը հնդկերեն, որովհետև հասկացավ, որ Մհերը չի խոսում անգլերեն և որոշեց Մհերի նման իր մայրենի լեզվով խոսել: Սերգեյ Իսրայելյանի կողմը նույնիսկ չէին նայում: Սերգեյ Իսրայելյանին մնում էր միայն նայել նրանց ու ապշել, թե որքան բան ունեն նրանք իրար ասելու և որքան լավ է Մհեր Մկրտչյանը հասկանում հնդկերեն, իսկ Ռաջ Կապուրը` հայերեն: Հանդիպել էին երկու մեծ արտիստներ:  

Կարծիք

Շնորհավոր ծնունդդ, Մհեր Մկրտչյան:

Ասում են. Երկար կյանք ունենաս, սիրելի Մհեր: Արդյո՞ք նա մեզ հետ չէ:Նա ավելի քան մեզ հետ է, նա մի ողջ ազգի անբաժան մասն է, նրա սրտի զգայուն լարը, որ ոչ թե ապրեց, այլ տառապեց մեզ հետ, ու մեզնից զատ:Նա բոլորի սիրելին էր, բայց իր սրտում և իր վշտի հետ միայնակ էր: Նա մեծ արտիտ էր՝ ասում են: Նա մեծ մարդ էր՝ ե՛ս եմ ասում:Նա մեր սերնդի աչքերի յուրաքանչյուր արցունք իր սրտից էր քամում, փորձում էր մեզ ողջ ու զգայուն պահել դիմացինի և ինքներս մեր նկատմամբ,մարդուն մարդկային լեզուն ուսուցանելով իր մի լուռ հայացքով: Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի՛ Մհեր, երկար տարիների կյանք ունենաս...

Ծնունդդ շնորհավոր, Մեծ մարդ, Մեծ Արտիստ: Շնորհակալություն, տիար Յուրա իմ շատ սիրելի արտիստի կյանքի մի փոքրիկ դրվագի մասին պատմելու համար:

«Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին: Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց»:Մհեր Մկրտչյան

Կարծիք ավելացնել