• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրհնյալ է ծնունդդ, ուսուցիչ

Մեջտեղը եթե մի խնդիր կա, մարդու վայելքի կամ ուրիշ խոսքով՝ երջանկության խնդիրն է – էդ էլ ինձ համար հոգու խաղաղությունն ու սրտի մաքրությունն է: Բայց էս էլ քիչ բան չի, հա~: Գրեթե ամեն բան է ու ամենամեծ ուժը, ինչ որ կարող է ունենալ մարդ արարածը: Էս դրության մեջ է, որ նա մոտենում է և հաղորդակից է լինում աստվածներին:

Մեր կյանքը, չնչին բացառությամբ, հյուսված է այսպիսի օրերից՝  խեղդուկ է օդը, ժամերը ձանձրալի, երկինքն էլ կարծես վերևից ճնշող մի ծանր, բանտային կամար լինի: Այն, ինչ որ մաքուր ու վեհ է, չի երևում, չի շարժվում, իսկ ինչ որ շարժվում ու կյանք է հորինում իբրև - այն էլ շատ է նողալի: Մեր կյանքին պակասում են մարդուն աստվածային տիպ պարգևող, ոգի ու ձգտում ներշնչող վսեմ բաները, նրանց հետ և պոեզիան: Բայց թող անկեղծ խոսեմ՝ ամենից առաջ պոեզիան: Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այս օրերը, որ միայն տրտունջ են հարուցանում:  

Կարոտը ինձ համար ամենաթանկագին զգացումն է: Առհասարակ հագուրդը, կուշտ լինելը –ավելի ճիշտ – հղփանալը իջեցնում է մարդուն ներքև: Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան: Իդեալներն ի՞նչ են որ – հոգու կարոտներ: Եվ հենց սրա համար է լավ մենակությունը: Մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան, և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լա~յն, խաղա~ղ, անվրդո~վ ծփում է և սիրտը քաղցր-քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով: Մենակությունը աստվածային դրություն է:

Ես հետզհետե փիլիսոփայությունն եմ սիրում և բանաստեղծության մեջ էլ այն, որ ոչ արտասուք ունի, ոչ հուզմունք, այլ մի վեհափառ խաղաղություն, մի վոլիմպիական, վսեմ, արհամարհոտ թռիչք դեպի լավագույն աշխարհները և ավելի ջինջ ու մաքուր մթնոլորտները:

Էհ, սիրելիս, մենք առանց այն էլ կուչ եկած ենք. եթե միշտ նրա մասին մտածես, որ քեզ ավելի կուչ ածես, պրծանք: Այնուհետև՝ էլ դու չես – այլ մի ուրիշ մարդ, որ թերևս ավելի լավ ապրի, ավելի քիչ լինի ենթակա ձախորդությունների ու տագնապների, բայց այդ բոլորի հետ միասին էլ չի կարող նա այնպես շփերթ ու խելագար թևերը տարածել, այնպես հանդուգն ու անզուսպ մտածել:   

Հատվածներ Հովհաննես Թումանյանի նամակներից

Կարծիք

* * * Մեր գանձերը միշտ կան առատ, Մեր հաճույքներն անվե՜րջ, անհատ, Չի հասկանում` ոնց վայելի, Դժգոհ է զուր ամեն մի մարդ: * * * Էնքան եկան, անցկացան, Ընկան, հանգան, անցկացան Երգ ու տաղս էլ ու՞ր տարան, Չկան, չքվան, անցկացան: * * * Թվում է հար, թե անցյալս ու ապագաս տեսած կամ, Առաջ ու ետ անհունությունն ողջ անպակաս տեսած կամ. Բայց ո՞նց հիշեմ ամեն տեսած, կամ եղածը հասկանամ, Եվ ……. անհուն, անհաս տեսած կամ: * * * Մանուկ օրից սար ու ձորին ես մնացի մոտ ընկեր, Աշխատանքի, հանգիստ օրին ես մնացի մոտ ընկեր, Հեռու ու մոտ սարի վրի եղբայրներիս ձեն տվի Ու էն ձենում մեզ բոլորիս ճանաչեցին մի ընկեր:
By Գոհար Սահակյան

Տիկին Մարետ, էս ինչ խնամքով հավաքված ու հրաշք կտոր էր... ՇԱՏ շնորհակալ եմ: Թումանյանի իմաստնության մի կարեւոր մասն այս կտորում երեւում է: Ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի:

Կարծիք ավելացնել