• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

ՀՀ ԿԳՆ «ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նախագիծ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող` փորձարարական հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրեր, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (մասնաճյուղերի) միավորում է՝ ծրագրի մշակման, ընդունման, իրականացման, փոխանցման բոլոր փուլերում ամբողջական բաց ու մատչելի:
2. Կրթահամալիրի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Հիմնադիր): Լիազորված պետական մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է (այսուհետ` Նախարարություն):
3. Կրթահամալիրի անվանումն է`
«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն, կրճատ անվանումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հապավումը` ՄՍԿՀ:
4. Կրթահամալիրն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և անհատականացման այլ միջոցներ:
5. Կրթահամալիրն ունի էլեկտրոնային կայք` www.mskh.am (այսուհետ` mskh.am): 
6. Կրթահամալիրն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվներ:
7. Կրթահամալիրի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Րաֆֆի 57:
8. Կրթահամալիրի գործունեությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,  սույն կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ` Կանոններ), կրթահամալիրի զարգացման ծրագրով  (այսուհետ` Զարգացման ծրագիր):
9. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար Կրթահամալիրը կարող է ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:
10. Կրթահամալիրը համագործակցում է օտարերկրյա կրթական, մշակութային, գիտական և այլ կազմակերպությունների հետ:

II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
11. Կրթահամալիրի առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրերի, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրերի (այսուհետ` կրթական ծրագիր) մշակումը, իրականացումը և տարածումն է:
12. Կրթահամալիրի նպատակն է ապահովել.
• կրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը նախադպրոցական երեխայի, աշակերտի, ուսանողի (այսուհետ` Սովորող) զարգացման մակարդակին, պայմաններին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին.
• կրթություն բոլորի համար՝ ներառական ուսուցում, յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի, ուսուցման անհատականացման ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության ապահովում.
• ստեղծականության, ինքնակրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.
• կրթության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառումը.
• կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը. հասարակության մասնակցությունը կրթական ծրագրին.
• քաղաքացիություն ձևավորող ուսուցում՝ հասարակական խնդիրների ճանաչման և լուծման միջոցով.
• կրթահամալիրի ինքնավարության, Սովորողի և աշխատողի ինքնուրույնության, կարողությունների, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.
• հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը:
13. Խնդիրներ են`
• հետազոտող ուսուցիչների հեղինակած կրթական ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների մշակում (տպագիր և էլեկտրոնային), դրանց հրատարակում և տարածում.
• ուսուցողական նոր միջավայրի, ուսումնական հաստատության նոր տեսակի ստեղծում.
• մանկավարժական գիտափորձերի մշակում և իրականացում.
• հետազոտող, անընդհատ սովորող և վերապատրաստող, մանկավարժական նորարարությունը տարածող մանկավարժական աշխատողի համար աշխատանքային պայմանների ապահովում, այդ թվում` աշխատանքի հաշվառման և վճարման.
• Սովորողի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում.
• անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության կազմակերպում, Սովորողի անհատական կրթական պատվերի իրականացում, Սովորողի անհատական ուսումնական պլան.
• կրթություն բոլորի համար - ներառական ուսուցում ապահովելու նպատակով նախադպրոցական, հանրակրթական, նախամասնագիտական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրերի, հաստատությունների միջոցների և հնարավորությունների համախմբում.
• ուսումնական հաստատություն - համալիրի պայմաններում անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում, Սովորողի ընտրությամբ գործունեության միջոցով մասնագիտական կողմնորոշման ապահովում.
• աշխատանքային շուկայում ներառվող մասնագետի պատրաստում.
• աշխատող մասնագետի վերապատրաստում, վերաորակավորում.
• մանկավարժական առաջավոր փորձի, կրթական գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների տեղայնացում, ներդրում, տարածում, կրթական փոխանակումների իրականացում.
• ուսուցողական խաղերի (այդ թվում` համակարգչային) և այլ միջոցների մշակում, հավաքում, դասակարգում ու տարածում, ուսումնական գույքի և պիտույքների մշակում.
• կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ. ֆիզիկական և վիրտուալ միջավայրում ուսուցման հավասարակշռում.
• կրթության անընդհատություն և արդյունավետության բարձրացում` թվային տեխնիկական միջոցների և մեդիատեխնոլոգիաների կիրառմամբ.
• ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցման համակարգ (էլեկտրոնային մատենավարություն)։
14. Կրթահամալիրը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
• նախադպրոցական դաստիարակություն, միջին մասնագիտական և նախամասնագիտական, ընդհանուր միջնակարգ, ընդհանուր հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) կրթություն.
արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
• նախապատրաստական դասընթացների կազմակերպում.
• կադրերի վերապատրաստում, վերաորակավորում.
• ուսումնաարտադրական գործունեության և սպասարկման ծառայությունների իրականացում.
• գրահրատարակչական գործունեության իրականացում.
• կիրառական արվեստի և արհեստների ուսուցում.
• ուսուցման միջոցների ու պիտույքների, մանկական խաղերի ու խաղալիքների, դպրոցական գույքի մշակում, փորձնական արտադրություն և վաճառք.
• ծաղկաբուծություն, հրուշակագործություն.
• համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
• մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում.
• Սովորողների ուսումնաարտադրական գործունեության և սպասարկման ծառայությունների իրականացում.
• Սովորողների և աշխատողների սննդի կազմակերպում.
• կրթական տեղեկատվական, մշակութային, մարզական գործունեություն և ծառայություններ:

III. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերը կրթահամալիրի մանկավարժական աշխատողների կողմից մշակվող և ներդրվող ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն են, որ ապահովում է պետական չափորոշիչներով որոշված արդյունքները: 
16. Կրթական ծրագիրը մշակում են մանկավարժական աշխատողները:
17. Կրթական ծրագրերն իրականացվում են կրթահամալիրի մասնաճյուղերում:
18. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, Սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա:
19. Կրթական ծրագրի ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, ուսուցման կազմակերպման ձևերը, գնահատման համակարգը մշակվում են կրթական պետական չափորոշիչների, հենքային ուսումնական պլանների, կրթական ծրագրի չափորոշչի հիման վրա: Մասնաժողովի ներկայացմամբ դրանք հաստատում է կրթահամալիրի խորհուրդը  (այսուհետ` Խորհուրդ):
20. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, կուրս, սովորողների ընտրությամբ գործունեության և դասընթացի ուսուցման խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելության խումբ, մասնագիտական փորձառության խումբ, և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
21. Խմբային ուսուցումը կազմակերպվում է  դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով՝ ապահովելով ուսուցման անհատականացում, ուսուցման կազմակերպման (տեղ, ձև, ժամանակ, պայմաններ) հարմարվածությունը անհատին, ամբողջական ներառականություն։
22. Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր` Սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
23. Մասնագիտական կրթական ծրագիրն ավարտվում է պետական որակավորման ստուգումներով:
24. Լրացուցիչ կրթական ծրագրերը, այդ թվում՝ Սովորողի տնային ուսումնական աշխատանքը, ուղղված են Սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը՝ որպես ծառայություն` իրականացվում է մասնաճյուղերում,  ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:
25. Կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կառավարման խորհուրդը:
26. Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար կրթահամալիրն ստեղծում է կենտրոններ, ծառայություններ, ուսումնա-արտադրական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ, կրթական փոխանակումների կենտրոն` իր կացարաններով, մանկավարժության կենտրոն, գրադարան, լրացուցիչ կրթության կենտրոններ, որոնց աշխատակարգերը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի կառավարման խորհուրդը:
27. Կրթահամալիրի մասնաճյուղերն են.
ա) Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզը (նախկինում՝ Բ-4 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ), Արևելյան դպրոց-պարտեզը (նախկինում՝ Բ-1 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ), Հյուսիսային դպրոց-պարտեզը (նախկինում՝ գեղարվեստի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոց), Հարավային դպրոց-պարտեզը (նախկինում՝ Մայքլ Գանյանի անվան հանրակրթական դպրոց), տեխնոլոգիական կրթության Միջին դպրոցը (նախկինում՝ Արհեստագործական դպրոց), Ավագ դպրոցը (նախկինում՝ Վարժարան) հանրակրթական ուսումնական հաստատություններ են.
բ) Քոլեջը (նախկին մանկավարժական ուսումնարան) միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող հաստատություն է.
գ) գեղարվեստի դպրոցը, երաժշտության դպրոցը, պարի ու թատրոնի դպրոցը, մարզադպրոցը, շախմատի դպրոցը, բնագետի դպրոցը, բնասեր-բնապահպանի դպրոցը, բնության գրկում դպրոցը լրացուցիչ կրթության հաստատություններ են՝ ուսումնական կենտրոններ։
28. Մասնաճյուղի գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, մասնաճյուղի կանոնադրությամբ: Մասնաճյուղի կանոնադրությունը, մասնաճյուղի ղեկավարին Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները որոշվում են Կանոնադրությամբ, մասնաճյուղի կանոնադրությամբ, ղեկավարի պաշտոնի նկարագրությամբ, Կանոններով:
29. Մասնաճյուղն իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Մասնաճյուղը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից, Զարգացման ծրագրից բխող գործունեություն:
Մասնաճյուղի զարգացման ծրագիրը կրթահամալիրի Զարգացման ծրագրի հավելվածն է, որը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
30. mskh.am-ը գործում է որպես կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվական օրգան, ԶԼՄ և սոցիալական ցանց, որ ներառում է կրթական ծրագրի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, Սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, կրթահամալիրի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։
31. Կրթահամալիրի մասնաճյուղի սովորողը (Ծնողը) մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում է ուսումնառության պայմանագիր, որի օրինակելի ձևը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
32. Կրթահամալիրում լրացուցիչ կրթություն կարող են ստանալ հանրապետության այլ դպրոցների սովորողները, մեծահասակները: Լրացուցիչ կրթության տևողությունը որոշվում է ուսումնառության պայմանագրով:
33. Կրթահամալիրում գործող ակումբները, իրականացվող ուսումնական նախագծերը, կրթահամալիրի տարեկան օրացույցով կազմակերպվող ուսումնական ճամբարները, ստուգատեսները, օլիմպիադաները, ստեղծագործական և այլ հավաքները բաց են: 
34. Կրթահամալիրի մասնաճյուղերի սովորողների և աշխատողների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները կրթահամալիրի կողմից մատուցվող լրացուցիչ ծառայություն է: Ծնողական խորհուրդների որոշմամբ և աշխատակարգով տրանսպորտային փոխադրումները  կարող են կազմակերպվել կրթահամալիրի, նրա մասնաճյուղերի ծնողական խորհուրդների կողմից:
35. Կրթահամալիրում իրականացվող Կրթական ծրագրերի, գիտափորձերի մշակման, փորձարկման և տարածման (տեղայնացման), մանկավարժական աշխատողների վերապատրաստման  աշխատանքները որոշվում են ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով, Նախարարության հետ կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրով:
36. Կրթահամալիրում իրականացվող մանկավարժական գիտափորձերի արդյունքներն արտացոլվում են Կրթական ծրագրերում:
37. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մեթոդական - հետազոտական, որակավորման բարձրացման գործունեությունը կազմակերպում են կրթահամալիրի առարկայական ամբիոնները` մասնագիտական խմբերը (այսուհետ` մասնախմբեր): Մասնախմբերի և ուսումնական կենտրոնների ղեկավարները կրթահամալիրի մասնաժողովի անդամներ են:
38. Ուսումնական-հետազոտական աշխատանքի, մասնագիտական զարգացման և վերապատրաստման, մանկավարժական գիտափորձերի ծրագրերը և դրանց իրականացման արդյունքները` Խորհրդի հաստատմանը, փորձագետների անհատական կազմը և փորձաքննության կարգը` Տնօրենի հաստատման են ներկայացվում կրթահամալիրի մասնաժողովի կողմից: Մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է Խորհուրդը:
39. Կրթահամալիրի մասնաժողովի աշխատանքները ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրենը: Մասնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: 
40. Կրթական ծրագրի գնահատումը կազմակերպում է կրթահամալիրի գնահատման ծառայությունը, որի աշխատակարգը և ղեկավարին Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
41. Սովորողի և մանկավարժական աշխատողի` Կրթական ծրագրի գնահատման համակարգով որոշված հաշվետվությունները հրապարակվում են mskh.am-ում, մանկավարժական աշխատողի, Սովորողի անհատական էջում (կայքում, բլոգում):

IV. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
42. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են Հիմնադիրը, Նախարարությունը, Խորհուրդը, Տնօրենը:
43. Կրթահամալիրի տնօրենն ունի խորհրդակցական մարմիններ` վարչական աշխատողների խորհուրդ, մանկավարժական աշխատողների ժողով:
44. Կրթահամալիրի մասնաճյուղերում ձևավորվում են խորհրդակցական ինքնավար մարմիններ` աշխատողների, սովորողների, նրանց օրինական ներկայացուցիչների (այսուհետ` Ծնող), հոգաբարձուական և այլ խորհուրդներ, ակումբներ, նախաձեռնություններ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ֆիզիկական և վիրտուալ միջավայրում։
45. Տնօրենն ունի աշխատակազմ, որի կառուցվածքը և աշխատակարգը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
46. Կրթահամալիրի հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) կրթահամալիրի հիմնադրումը.
բ) կրթահամալիրի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) կրթահամալիրին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
դ) կրթահամալիրի կանոնադրության և դրանում փոփոխությունների հաստատումը.
ե) կրթահամալիրի կառավարման համակարգի սահմանումը.
զ) կրթահամալիրի վերակազմակերպումը և լուծարումը.
է) կրթահամալիրի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
47. Նախորդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները հիմնադրի կողմից վերապահված են Նախարարությանը:
48. Նախարարությունն իրականացնում է կրթահամալիրի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա` Կանոնադրությամբ, Կանոններով, Զարգացման ծրագրով որոշված  բնականոն գործունեությունը:
Նախարարությունը`
ա) Կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կրթահամալիրի կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է ներքին աուդիտ.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումներն ու որոշումները.
դ) ընդունում է կրթահամալիրի գործունեության մասին հաշվետվությունները.
ե) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
զ) օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ Կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և Կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
49. Կրթահամալիրի կառավարման կոլեգիալ մարմինը Խորհուրդն է, որի լիազորությունները սահմանվում են Օրենքով և Կանոնադրությամբ: Խորհուրդն ունի 15 անդամ:
Խորհրդի անդամների թեկնածուներ առաջադրում են`
- կրթահամալիրի աշխատողների ժողովը, որը փակ քվեարկությամբ որոշում է Խորհրդի մանկավարժական աշխատողներին (4 անդամ).
- մասնաճյուղերի ծնողական խորհուրդները, որոնք փակ քվեարկությամբ, որոշում են Խորհրդի իրենց անդամներին (2 անդամ` դպրոց-պարտեզներից, մեկական՝ Միջին դպրոցից, Ավագ դպրոցից ներկայացուցիչ).
- Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողների ժողովները ներկայացնում են իրենց թեկնածուներին (երկուական անդամ):
- Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ):
Խորհրդի անդամ կարող է առաջադրվել միայն ֆիզիկական անձը:
Տնօրենը չի կարող առաջադրվել (ընտրվել) Խորհրդի կազմում:
Առաջադրված մարդկանց թեկնածությունների հիման վրա նախարարը հաստատում է Խորհրդի կազմը, Խորհրդի ներկայացմամբ հաստատում փոփոխությունները:
50. Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է:
51. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`
ա) առաջադրողի նախաձեռնությամբ և Խորհրդի որոշմամբ.
բ) իր դիմումի համաձայն.
գ) Խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.
դ) Տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:
Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր անդամին:
52. Խորհուրդը`
ա) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում Խորհրդի նախագահ.
բ) ՀՀ օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթով ընտրում է Տնօրեն.
գ) Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Զարգացման ծրագիրը, կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը, mskh.am-ի կառուցվածքը և աշխատակարգը, Կանոնները, կրթահամալիրի մասնաճյուղերի կանոնադրությունները և դրանց ղեկավարներին, կրթահամալիրի մասնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը, կրթահամալիրի ծախսային ուղղություններն ու չափաքանակները, կրթահամալիրի ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստիքային ցուցակը, ֆինանսատնտեսական և ուսումնա-հետազոտական գործունեության մասին հաշվետվությունները, առաջարկություն ներկայացնում Նախարարությանը.
դ) որոշում է ընդունում կրթահամալիրի միջոցների հաշվին կրթահամալիրի աուդիտ անցկացնելու մասին, Տնօրենի ներկայացմամբ հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.
ե) քննարկում է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է կրթահամալիրի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և կարգը, առաջարկություններ ներկայացնում հիմնադրին` կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու.
զ) կրթահամալիրի գործունեության առարկային, նպատակներին և խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում Նախարարությանը.
է) Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրում իրագործվող կրթական, գիտափորձերի ծրագրերը, այդ թվում` ուսումնական պլանները, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար կազմվող «Ուսուցումը կրթահամալիրում» գրքույկը.
ը) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) Կանոնադրությամբ ու մասնաճյուղերի կանոնադրություններով նախատեսված լիազորություններ:
53. Նախարարության (նրա ղեկավարության) կամ կրթահամալիրի ենթակայության փոփոխումը չի կարող հիմք լինել Խորհրդի լիազորությունների դադարեցման համար:
54. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի ոչ սովորող անդամներից` փակ գաղտնի քվեարկությամբ, եթե նրա օգտին քվեարկել է Խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի նախագահը.
ա) կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.
բ) նախագահում է Խորհրդի նիստերը.
գ) կազմակերպում է Խորհրդի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:
55. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի որոշմամբ կատարում է Խորհրդի անդամներից մեկը:
56. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև Նախարարության,  Տնօրենի, Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:
57. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին:
58. Խորհրդի որոշումն ընդունվում է նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:  Քվեարկության ժամանակ Խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցում այլ անդամի: Խորհրդի նիստերն արձանագրվում են, գործունեության լուսաբանման հետ հրապարակվում խորհրդի կայքում, mskh.am-ում:
59. Տնօրենը Խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:
60. Խորհրդի անգործության դեպքում Հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել Խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել Խորհուրդը:
61. Տնօրենն իրականացնում է կրթահամալիրի ընթացիկ գործունեության ղեկավարումը և պատասխանատվություն կրում օրենքների, հիմնադրի կամ Նախարարության հրամանների, որոշումների, այլ իրավական ակտերի, Կանոնադրության, Կանոնների, Զարգացման ծրագրի կատարման համար:
62. Տնօրենը`
ա) պատասխանատու է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների կողմից մշակվող և փորձարկվող Կրթական ծրագրերի, մանկավարժական գիտափորձերի  համար.
բ) առանց լիազորագրի հանդես է գալիս կրթահամալիրի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և Նախարարության որոշումներով և Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կրթահամալիրի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
դ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
ե) տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
զ) Խորհրդի հաստատման  է ներկայացնում կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը, Կանոնները, Զարգացման ծրագիրը, մասնաճյուղերի կանոնադրությունները և դրանց ղեկավարներին, Տնօրենի աշխատակազմի կառուցվածքը և աշխատակարգը, մասնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, ուսումնական կենտրոնների աշխատակարգերը և ղեկավարներին, կրթահամալիրի կողմից հիմնադրվող ընկերության կանոնադրությունը և գործադիր մարմինը (միանձնյա և կոլեգիալ), կրթահամալիրի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը, կրթահամալիրում իրագործվող կրթական, գիտափորձերի ծրագրերը, այդ թվում` ուսումնական պլանները, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար կազմվող «Ուսուցումը կրթահամալիրում» գրքույկը.
է) հաստատում է կրթահամալիրի կենտրոնների և ծառայությունների, ուսումնարտադրական արհեստանոցների, լաբորատորիաների, կաբինետների, ակումբների աշխատակարգերը, Կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված կարգերը և դրանցում կատարվող փոփոխությունները.
ը) մասնաժողովի ներկայացմամբ` Կրթական ծրագրերի փորձագետներին և փորձագետների աշխատակարգը.
թ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կրթահամալիրի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
ժ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների, աշխատակազմի և մասնաճյուղերի ղեկավարների միջև, նշանակում է Կրթական ծրագրերի մշակման աշխատանքների համակարգողներին.
ժա) օրենքով և Կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը. դրանք հրապարակվում են mskh.am-ում.
ժբ) իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
ժգ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, Սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, կրթահամալիրի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
ժդ) ապահովում է աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
ժե) աջակցում է կրթահամալիրի մասնաճյուղերի մանկավարժական, ծնողական և այլ խորհուրդների աշխատանքներին.
ժզ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կրթահամալիրի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ.
ժէ) կազմակերպում է Խորհրդի որոշումների կատարումը.
ժը) ներկայացնում է կրթահամալիրը պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ուսումնական հաստատություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.
Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից:
63. Տնօրենի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է փոխտնօրենը:
64. Կրթահամալիրի մյուս աշխատողների իրավունքները և պարտականությունները որոշվում են օրենքով, Կանոններով, աշխատողի պաշտոնական հրահանգով, աշխատողի հետ կնքված պայմանագրով:

V. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
65. Կրթահամալիրի սեփականությունը ձևավորվում է կրթահամալիրի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
66. Կրթահամալիրն իրավունք ունի օրենսդրությանը, հիմնադրի որոշումներին և (կամ) Կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
67. Հիմնադիրը սեփականության իրավունքով կրթահամալիրին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ հաստատության լուծարումից հետո մնացած գույքի:
68. Կրթահամալիրի սեփականության պահպանման հոգսը կրում է կրթահամալիրը:
69. Կրթահամալիրի սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:
70. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կրթահամալիրին ամրացված գույքը:
71. Կրթահամալիրն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
72. Կրթահամալիրն իրավունք ունի իրեն ամրացված գույքը սահմանված կարգով հանձնելու վարձակալության: Կրթահամալիրին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
73. Կրթահամալիրի կողմից գույքի ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք բերումը կամ օտարումը կատարվում է սահմանված կարգով:
74. Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են պետական պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:
75. Կրթահամալիրը ֆինանսավորում է հիմնադիրը: Հիմնադիրը Կրթահամալիրին տրամադրում է պետական հատկացումները` սահմանված կարգով և չափաքանակով մասնաճյուղերին, մասնաճյուղերի սովորողներին հատկացվող ֆինանսական միջոցներ, Կրթական ծրագրերի, փորձարկման և տարածման (տեղայնացման), մանկավարժական աշխատողների վերապատրաստման  աշխատանքների համար պետական աջակցության ամենամյա պայմանագրով որոշված ֆինանսական միջոցներ, կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման և վերապատրաստման, ուսումնական գրականությամբ (տպագիր և էլեկտրոնային) Սովորողների և ուսուցիչների ապահովման պետական (անվճար) միջոցներ, կրթահամալիրի տարածքում ինտերնետ կապի ապահովման միջոցներ, սոցիալապես անապահով սովորողներին դասագրքերով ապահովելու միջոցներ, տարրական դասարանների սովորողներին անվճար դասագրքերով ապահովելու միջոցներ:  
76. Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ունակություններ դրսևորած սովորողների համար պետական ֆինանսավորումն իրականացվում է բարձրացված չափաքանակով:
77. Կրթահամալիրը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում հետևյալ նպատակներով.
• իրականացնել հատուկ կամ լրացուցիչ կրթական ծրագրեր արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար.
• իրականացնել ուսումնամեթոդական գիտափորձ և (կամ) այլընտրանքային ծրագիր.
• կազմակերպել դպրոցականների միջազգային օլիմպիադաների նախապատրաստական հավաքներ և դասընթացներ.
• ստեղծել ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուսումնական նյութեր (այդ թվում՝ էլեկտրոնային):
78. Կրթահամալիրը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի առաջարկությամբ ստանալ լրացուցիչ ֆինանսավորում նաև այլ նպատակներով:
79. Կրթահամալիրը դասագրքերի և ՏՏ շրջանառու հիմնադրամի իր միջոցները ինքնուրույն տնօրինում է կրթահամալիրում մշակվող Կրթական ծրագրերի իրականացման ամենամյա ծրագրով` ծախսերի հաշվետվությունը հրապարակելով mskh.am-ում:
80. Կրթահամալիրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`
ա) վճարովի լրացուցիչ կրթական և այլ ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.
բ) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կրթահամալիրի կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

VI. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՍՈՎՈՐՈՂԸ ԵՎ ՆՐԱ  ԾՆՈՂԸ
81. Կրթահամալիրում մանկավարժական աշխատանքի կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
82. Կրթահամալիրի մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
83. Կրթահամալիրի մասնաճյուղի սովորողի և Ծնողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:
84. Կրթահամալիրի մասնաճյուղի սովորողը պատասխանատվություն է կրում Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար: Մասնաճյուղը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով Ծնողին` նրա և մասնաճյուղի միջև կնքված պայմանագրային դրույթները Սովորողի կամ Ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

VII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ: ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
85. Կրթահամալիրի կանոնադրությունում փոփոխությունները կատարում է  Նախարարությունը` Խորհրդի հիմնավորված առաջարկով: Հիմնավորումը և փոփոխությունների առաջարկը հրապարակվում են mskh.am-ում:
86. Կրթահամալիրը վերակազմակերպվում և լուծարվում է հիմնադրի որոշմամբ` Խորհրդի առաջարկով: