• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հայոց հայրիկն ու հայոց մանկավարժը

Կրթել առաքինի, ուժեղ, խելացի սերունդ՝ հիմնվելով բարոյական ու գեղագիտական դաստիարակության վրա և բացառելով մարմնական պատիժները: «Դպրոցում լսվածը հերքվում էր կյանքում, պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել՝ վաղվա թոհուբոհի մեջ գտնել իր տեղը»,– սրանք այն գաղափարներն էին, որ ուներ ու փորձում էր սերունդների մեջ սերմանել հայոց մեծ մանկավարժը՝ Ղազարոս Աղայանը:

Այն, որ հայոց մեծ մանկավարժի և ընդհանրապես մեր մեծերի խոսքերն ու դասերը փոխանցվելով սերնդեսերունդ՝ չեն կորցնում արդիականությունը, երևում է մեր այսօրվա գործերով և նրանց հիշատակը վառ պահելով:

Այսպես, ապրիլի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի Ս. Աննա եկեղեցում կազմակերպվեց «Խնկարկում-ձոն-տոնախմբություն»՝ նվիրված Ղազարոս Աղայանի ծննդյան տարեդարձին և Խրիմյան Հայրիկի հիշատակին:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և  Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի նախաձեռնությամբ Ս. Աննա եկեղեցում տեղի ունեցավ ուսումնական պատարագ: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի կատարմամբ հնչեցին  «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Նոր ծաղիկ» շարականները:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը ներկաներին փոխանցեց Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը. «Հիշատակելով մեր մեծերին՝ մենք նրանց դարձնում ենք ներկա: Կարևոր է նրանց օրինակով և կերտած արժեքներով սերունդ դաստիարակելու մեր առաքելությունը»:
Տոնախմբությունն ավարտվեց Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիների բակում միասնական երգուպարով:

Աղբյուրը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայք