• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը պարտադրված է և անընդունելի

Կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին, ասաց, որ դա անընդունելի է և պարտադրված է Հայաստանին: «Հասարակական պահանջը փաստաթղթով չի որոշվում, փաստաթղթով ամրագրվում է: Իհարկե հասարակական պահանջ չկա»,-ասաց նա:

-Ինչպե՞ս եք գնահատում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, արդյո՞ք կար դրա անհրաժեշտությունը:

-Մինչ այս հայեցակարգը, Կրթության և գիտության նախարարությունը, որպես արդեն հաստատված հայեցակարգ, ներկայացրել է ՀՀ հանրակրթական ծրագրերում իրականացվող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգը: Այդ հայեցակարգի եզրակացությունն ավարտվում է հետևյալ կերպ՝ բոլոր օտար լեզուների նկատմամբ իրականացնել միասնական մոտեցում:

-Ռուսերենին այսպիսի հատուկ վերաբերմունքի արժանացնելը պայմանավորո՞ւմ եք արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանի անձով:

-Մի՛ մոռացեք, որ ես կրթահամալիրի տնօրեն եմ, ես գնահատական չեմ տա, ես արձանագրում եմ ինչ-ինչ բաներ: Մանկավարժորեն ոչ մի հիմնավորում չունի ռուսերեն լեզվի վերաբերյալ հայեցակարգը: Եթե խնդիրներ կան, ապա դրանք կարելի է լուծել, օրինակ` ուսուցիչների աշխատավարձը խայտառակ ցածր է, սակայն չես կարող միայն ռուսերեն ուսուցիչներինը բարձրացնել, դա կլինի խտրական: Նկատենք նաև, որ գնալով ռուսերեն լեզվով մասնագիտական ուսուցում ստացողների թիվը պակասում է, ինչը կբերի նրան, որ ռուսերենի որակյալ ուսուցիչների առաջարկ չենք ունենա, և դրա համար պետք է խթանել, ինչը նշանակում է աշխատավարձը բարձրացնել: Չեք կարող որակի բարելավման գնալ, եթե փող չդնեք: Բացի այդ, ռուսերենը ինտերնետի լեզու է:

-Հասկանալի է, որ ռուսերենի իմացությունն անհրաժեշտ է, բայց արժե՞ր առանձնացնել մյուս լեզուներից և հայեցակարգ մշակել:

-Ես կարծում եմ, որ ընդհանրապես չկար դրա անհրաժեշտությունը, քանի որ արդեն կար օտար լեզուների դասավանդման հայեցակարգ: Ոչ մեկ չի ասում, որ օտար լեզուների ուսուցման որակը բավարարում է, ի՞նչն է այսօր Հայաստանում բավարարում, բայց ինչո՞ւ առանձնացնել: Հասարակական պահանջը փաստաթղթով չի որոշվում, փաստաթղթով ամրագրվում է: Իհարկե հասարակական պահանջ չկա: Մենք 2017 թվականին տասնյակ միջազգային նախագծեր ենք իրականացրել, և մեր պատանիները վերադառնալով ասացին, որ առանց ռուսերենի են իրականացրել: Օտար լեզուների հայեցակարգը վերաբերում է նաև ռուսերենին, նոր այսպիսի հայեցակարգը միայն շփոթ, հակադրություն է առաջացնելու:

-Ըստ Ձեզ, ճի՞շտ է այն կարծիոքը, որ այս ռուսաց լեզվի հայեցակարգով հող է նախապատրաստվում հետագայում ռուսերենը երկրորդ օտար լեզու դարձնելու համար, թեև ռուսամետներն են նույնիսկ դա զառացանք համարում:

-Մենք չպետք է մոռանանք, որ ԵՏՄ-ն քաղաքական կազմավորում է: Ես սկզբունքորեն դեմ եմ եղել Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, և պարզ չէ՞, որ այս ամենը, այս հայեցակարգը պարտադրված է այդ ճանապարհով, բայց դա շատ վտանգավոր ճանապարհ է: Կա մի կարևոր ցուցանիշ, և այդ ցուցանիշը արտագաղթի տեմպերն են, եթե գործողությունները, կյանքը բերում են դրա նվազմանը և զգում ենք, որ Հայաստանում ապրելու հավեսը մեծանում է, նշանակում է, որ փոփոխություն է կատարվել: Այն ճանապարհը, որ պարտադրում է Ռուսաստանը, եթե կտրելու է Հայաստանին աշխարհից, ապա դա Հայաստանը դատարկելու ճանապարհ է, այսինքն՝ սա միայն արտագաղթը մեծացնող հանգամանք է, քանի որ հայաստանցին շատ լավ տեսնում է, որ դա իրեն անվտանգություն, ապահովություն չի բերելու: Երբեք ես չեմ կարող համաձայնել, որ ռուսերենը դառնա երկրորդ պետական լեզու, նման բան չի կարելի անել, դա մանկավարժորեն, հասարակության զարգացման առումով հիմնավորված չէ: Հայեցակարգն անընդունելի է: Եթե անգամ ուզում եք գրել, պետք է գրեք անգլերենը, քանի որ այդ դեպքում մեկ ու կես միլիարդ անգլերեն տիրապետող աշխարհի մասին է խոսքը։ Բացի դա քաղաքացին պետք է որոշի: Հիմա Հայաստանի գյուղացու զարգացումը մայրենի լեզվով չի՞ կարող լինել, ինքը չի՞ կարող իր գյուղում ապրել, երեխա ունենալ, երկրագործությամբ զբաղվել։ Չէ, դուք ասում եք, որ քեզ համար պարտադիր է ռուսերենը: Շատ ավելի կարևոր բաներ կան՝ ինչպես հողը մշակել, բիզնես նախագծեր ունենալ, ինչպես կարողանալ ապրել սեփական հողի վրա, ապրելու խնդիր կա, և եթե դու դա կապում ես ռուսերենի պարտադիր իմացության հետ, դու մարդուն ասում ես, որ գաղթական ես քո հողի վրա: Այս փաստաթուղթը արհեստական փաստաթուղթ է, և երևում, որ նորմալ չեն աշխատել, քանի որ հակասություններ է բերելու:

-Ձեր կարծիքով՝ Հայաստանի իշխանությունն ունե՞ր այդ կարողությունը, որ մերժեր այդ պարտադրանքը:

-Ես չեմ կարող պատասխան տալ մյուսների փոխարեն, ես ասում եմ՝ չի կարելի նման բան անել, միևնույն է՝ սա չաշխատող տարբերակ է: Սա ինչ-որ որոշման պարտադրանք է, այստեղ մանկավարժություն չկա, ինչի՞ հետ վիճես: Այսինքն` երկու մարդկանց են բաժանելու՝ ազատ մարդիկ, ովքեր չեն կարող իրենց նկատմամբ բռնությունը հանդուրժել, և մարդիկ ովքեր հացի, պաշտոնի համար ենթարկվելու են:

tert.am

Կարծիք

Համաձայն լինելով տիար Բլեյանի յուրաքանչյուր մտքի հետ՝ ավելացնում եմ, որ ամենավտանգավորը հայեցակարգի եզրափակիչ պարբերությունն է. «Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարակության մեջ ապրելուն և գործունեություն ծավալելուն նախապատրաստելով»: ˜ Բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակչության 98%-ը հայեր են: Նախագծի հեղինակները հայ երիտասարդությանը նախապատրաստում են ապրելու մեկ այլ հանրապետությունում, որը բազմա՞զգ է և բազմամշակութայի՞ն: Երևի այդ բազմազգ հանրապետությունը Ռուսաստա՞նն է: Ոչինչ չեմ հասկանում: Մեր երիտասարդները հայաստանում չե՞ն ապրելու: Ո՞վ է ապրելու Հայաստանում:

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.