• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ներքին կարգապահական կանոններ

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ–ի ներքին կարգապահական կանոնները (այսուհետ` Կանոններ) հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Այն գործողության մեջ է մտնում կրթահամալիրի տնօրենի հրամանի համաձայն:

 
  1. ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր).
1.1. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական, այդ թվում` նախասիրությունների զարգացման և խորացված ուսուցման, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
1.2. Կրթահամալիրի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված պետական մարմինը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
1.3. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), կրթահամալիրի գործադիր մարմինը` տնօրենը (այսուհետ` Տնօրեն):
1.4. Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է օրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), Կանոններով, սահմանված կարգով ընդունված ներքին իրավական այլ ակտերով (այսուհետ` Ակտեր):
1.5. Կրթահամալիրում արգելվում են քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը: Կրթահամալիրն իրականացնում է Կանոնադրությամբ, Խորհրդի հաստատած` կրթահամալիրի զարգացման ծրագրով (այսուհետ` Զարգացման ծրագիր) և ՀՀ ԿԳ նախարարության հետ պետական աջակցության պայմանագրով որոշված հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժության ծրագրեր:
1.6. Կրթահամալիրի գործունեության առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ (լրիվ), հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախասիրական (լրացուցիչ) կրթական ծրագրերի իրականացումն է: Կրթահամալիրի գործունեության նպատակներն ու խնդիրները որոշված են Կանոնադրությամբ, Զարգացման ծրագրով, սահմանված կարգով կրթահամալիրում իրականացվող ծրագրերով և գիտափորձերով:
1.7. Կրթահամալիրի կառուցվածքը հանդիսանում է Կանոնների անբաժան մասը: Կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումներն ունեն մասնաճյուղի կարգավիճակ: Կրթահամալիրի ուսումնական հաստատությունները, կրթահամալիրում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումներ են:
1.8. Մասնաճյուղի գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, մասնաճյուղի կանոնադրությամբ: Մասնաճյուղի կանոնադրությունը կրթահամալիրի Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները որոշվում են Կանոնադրությամբ, կրթահամալիրում իրականացվող ծրագրերով, ղեկավարի պաշտոնական հրահանգով, այլ ներքին և անհատական իրավական ակտերով:
1.9. Տնօրենը մասնաճյուղի ղեկավարի հայտի հիման վրա յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված կարգով մասնաճյուղի օգտագործմանն է հանձնում անհրաժեշտ գույք և տարածք:
1.10.  Կրթահամալիրի գործունեությունը իրականացվում է Զարգացման ծրագրի շրջանակներում:
1.11. Կրթահամալիրում, մասնաճյուղում իրականացվում են պետական և այլ աջակցությամբ կրթական ծրագրեր (Զարգացման ծրագրի ենթածրագրեր): Ծրագրերը սահմանված կարգով հաստատում է Խորհուրդը:
1.12. Տնօրենին կից գործում է վարչական խորհուրդ, որի կազմը և աշխատակարգը որոշում է Տնօրենը:
1.13. Ուսումնական պլանով սահմանվում են դասավանդվող առարկաները և դասընթացները, դրանց ծավալը, կազմակերպումը, սովորողների արձակուրդների ժամկետներն ու տևողությունը:
1.14. Կրթահամալիրի մասնաճյուղերում ուսումնական պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հաստատած միասնական ժամատախտակով: Ուսումնական պարապմունքների սկիզբը և ավարտը որոշվում է ժամատախտակով:
1.15. Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի (դասարանների, սովորողների խմբերի) ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է Խորհուրդը:
1.16. Կրթահամալիրում, մասնաճյուղերում սահմանված կարգով ձևավորվել և գործում են կրթահամալիրի աշխատողների (այսուհետ` Աշխատող) և սովորողների ծնողների ժողովները, մանկավարժական և ծնողական խորհուրդները, սովորողների ինքնավարության մարմինները:
1.17. Տնօրենը`
ա) իրականացնում է կրթահամալիրի գործունեության   ղեկավարումը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, նախարարության և կրթահամալիրի խորհրդի հրամանների, որոշումների, Կանոնադրության, Կանոնների, Ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար
բ) առանց լիազորագրի հանդես է գալիս կրթահամալիրի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ
գ) օրենսդրությամբ, հիմնադրի և նախարարության որոշումներով և կրթահամալիրի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կրթահամալիրի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր
ե) սահմանած կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Աշխատողներին (կնքում և լուծում աշխատանքային պայմանագրեր), նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր
զ) սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր
է) կատարում է աշխատանքի բաշխում աշխատակազմի և մասնաճյուղերի ղեկավարների միջև, Խորհրդի հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի կառուցվածքը
ը) ապահովում է Կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը
թ) մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ սահմանված կարգով հաստատում է աշխատողի անհատական պլանը (այսուհետ` Պլան)
ժ) յուրաքանչյուր ուստարվա համար որոշում է Աշխատողի աշխատանքի վայրը (կառուցվածքային ստորաբաժանումը)
ժա) աջակցում է կրթահամալիրի մասնաճյուղերի մանկավարժական, ծնողական և այլ խորհուրդների  աշխատանքներին
ժբ) կրթահամալիրի, մասնաճյուղերի, կրթական ծրագրերի ծախսերի նախահաշիվները սահմանված կարգով ներկայացնում է Խորհրդի հաստատմանը
ժգ) իրականացնում է օրենսդրությանը չհակասող և կրթահամալիրի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ
ժդ) կազմակերպում է Խորհրդի որոշումների կատարումը, համակարգում է կրթահամալիրում իրականացվող ծրագրերի գործունեությունը
ժե) ներկայացնում է կրթահամալիրը պետական մարմիններում, ՀՀ և օտարերկրյա կազմակերպություններում:
1.18. Տնօրենի բացակայության դեպքում սահմանված կարգով նրա լիազորություններն   իրականացնում է փոխտնօրենը:
1.19. Խորհուրդը`
ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն ընտրում է Տնօրեն, հաստատում նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում Տնօրենի վարձատրության կարգը
բ) Տնօրենի ներկայացմամբ հաստատում է փոխտնօրենին, մասնաճյուղի ղեկավարին, սահմանում մասնաճյուղի ղեկավարի վարձատրության կարգը
գ) հաստատում է կրթահամալիրի զարգացման ծրագիրը, վերահսկում է դրա կատարումը
որոշում է մասնակցել արտաքին գնահատման, քննարկում է ներքին և արտաքին գնահատման արդյունքները
ե) որոշում է ընդունում կրթահամալիրի աուդիտն անցկացնելու մասին և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը
զ) հաստատում է Կանոնները, կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատողի համար պաշտոնական հրահանգները (այսուհետ` Հրահանգներ), կրթահամալիրի ամենամյա ծախսերի նախահաշիվը, ֆինանսատնտեսական և այլ գործունեության մասին հաշվետվությունները
է) սահմանված կարգով որոշում է կրթահամալիրի շահույթի տնօրինման ուղղությունները, չափաքանակները և կարգը, լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների կարգերը
ը) հաստատում է կրթահամալիրի դասավանդողների, մասնաճյուղերի ղեկավարների թափուր տեղը զբաղեցնելու համար մրցույթի պայմանները     
թ) սահմանված կարգով քննում է աշխատանքային վեճերը և որոշումներ ընդունում, պատասխանում Աշխատողների դիմում-բողոքներին
ժ) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և Ակտերով որոշված այլ լիազորություններ:
1.20. Կրթահամալիրը սահմանված կարգով տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
1.21. Կրթահամալիրին ֆինանսավորում է հիմնադիրը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, ծնողի հետ կնքվող ուսումնառության պայմանագրով նախատեսվող ուսումնական լրավճարներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
 
  1. Իրավական հիմքը
2.1. Կանոնները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Կանոններում փոփոխությունները կատարվում են նույն կարգով:
2.2. Կանոնները կազմելիս հիմք են ընդունվել Աշխատանքային օրենսգիրքը, Օրենսդրությունը, Կանոնադրությունը, Զարգացման ծրագիրը, ծրագրերը, կրթահամալիրի կառուցվածքը, նախարարության հետ սահմանված կարգով կնքված պետական աջակցության պայմանագրերը:
2.3. Կանոնները, դրանց փոփոխությունները կրթահամալիրի Տնօրենի սահմանած կարգով հրապարակվում են կրթահամալիրի ինտերնետ կայքում:
2.4. Կանոններին, ներքին իրավական այլ ակտերին Աշխատողը ծանոթանում է ստորագրությամբ` նույն օրը:
2.5. Աշխատողի պաշտոնական Հրահանգը և Անհատական Պլանը ներքին իրավական ակտեր են` ենթակա հրապարակման կրթահամալիրի պաշտոնական կայքում:
 
  1. Աշխատաժամանակը կրթահամալիրում: Աշխատաժամանակի ռեժիմը
3.1   Կրթահամալիրում աշխատանքային շաբաթը վեցօրյա է:
3.2   Ուսումնական ծրագրեր իրականացնող ուսուցիչ-դասավանդողի աշխատաժամանակի տևողությունը շաբաթական 33 ժամ է, երկարօրյա դաստիարակինը` 30 ժամ, ուսուցողական ծրագրի ղեկավարինը` 40, նախադպրոցական խմբի դաստիարակինը, ամբիոնի ղեկավարինը` 36 ժամ, վարչական աշխատողինը` 40 ժամ: Կրթահամալիրի դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալը չի կարող պակաս լինել շաբաթական 18 դասաժամից և գերազանցել շաբաթական 22 դասաժամը: Աշխատանքային (ուսումնական) անհրաժեշտության դեպքում դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալի փոփոխության մասին Տնօրենն ընդունում է անհատական իրավական ակտ:
3.3   Կրթահամալիրի կրթական օբյեկտների գիշերային պահակների և առանձին աշխատողների աշխատաժամանակը որոշվում է աշխատանքային պայմանագրով:
3.4   Մասնաճյուղի դասավանդողների, այլ աշխատողների աշխատանքի սկիզբը, ավարտը և ընդմիջումը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ որոշում է Տնօրենը:
3.5   Դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածքն արտահայտվում է Պլանում:
3.6   8.00-21.00 կրթահամալիրի սովորողները, Աշխատողները, ծնողները սահմանված կարգով օգտվում են մասնաճյուղերի գույքից, իսկ 21.00-ից` Տնօրենի որոշած անձինք` Տնօրենի սահմանած կարգով:
3.7   կրթահամալիրի սովորողների աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդների (սովորողների արձակուրդ) ժամանակահատվածները, որոնք չեն համընկնում դասավանդողի արձակուրդների հետ, համարվում են աշխատաժամանակ:
3.8   Սովորողների արձակուրդի ընթացքում դասավանդողներն իրականացնում են կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերի կիրառման հետ կապված ուսումնական, մեթոդական, կազմակերպական աշխատանքներ:
3.9   Ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդների ժամանակահատվածում որոշվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխան կնքված աշխատանքային պայմանագրով:
3.10 Աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդի ժամանակահատվածում կանոնակարգվում է Ակտերով, աշխատանքային պայմանագրերով և աշխատանքի կատարման ժամանակացույցով:
3.11Աշխատողների աշխատաժամանակի հաշվառումը մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը կատարում է օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում:
 
  1. Աշխատողի հանգիստը
4.1   Օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողն ունի.
ա) վճարովի արձակուրդի իրավունք`
  • դասավանդողը` աշխատանքային 42 օր տևողությամբ
  • գրադարանավարը` աշխատանքային 24 օր տևողությամբ
  • մասնաճյուղի ղեկավարը` աշխատանքային 30 օր տևողությամբ
  • այլ աշխատողների արձակուրդը` Օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) կողմերի համաձայնությամբ աշխատողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր.
գ) Տնօրենի որոշմամբ կարող է Աշխատողի աշխատավարձը պահպանվել գործուղման, հետազոտական աշխատանքի (ստեղծագործական), կրթահամալիրի նախաձեռնությամբ ուսումը շարունակելու համար տրվող արձակուրդի ժամանակ:
4.2   Կրթահամալիրը ապահովում է որակյալ սննդի մատչելի ծառայություն սովորողների և աշխատողների համար:
 
  1. Աշխատանքային հարաբերությունների ձևակերպումը և դադարեցումը
5.1. Աշխատանքային պայմանագրերը կնքում և լուծում է Տնօրենը` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
5.2.Կրթահամալիրի մասնաճյուղերի, կրթահամալիրում իրականացվող ծրագրերի ղեկավարների, դասավանդողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրվում են մրցույթի արդյունքներով կամ հրավիրյալ մասնագետներով: Մրցույթի կարգը և պայմանները, մասնագետի հրավիրելու կարգը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մինչև մրցույթի արդյունքների ամփոփումը Տնօրենը կարող է նշանակել ղեկավարին փոխարինող կամ ինքը կատարել նրա պարտականությունները:
5.3. Աշխատանքային պայմանագիր կնքելու համար Աշխատողը ՀՀ օրենքով պահանջվող փաստաթղթերը որոշված ժամկետում ներկայացնում է Տնօրենի աշխատակազմ:
5.4. Մասնաճյուղի, ծրագրի ղեկավարի և դասավանդողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման մասին Տնօրենը տեղեկացնում է Խորհրդին:
 
  1. Աշխատողի աշխատավարձի կառուցվածքը, չափը, աշխատավարձի վճարման պայմանները
6.1. Աշխատողի աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը (պաշտոնական դրույքաչափը) և Գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց ցանկացած եղանակով տրված լրացուցիչ վարձատրությունը:
Աշխատողի աշխատավարձը կախված է կատարված աշխատանքի քանակից և որակից, կրթահամալիրի (մասնաճյուղի) գործունեության արդյունքներից:
6.2. Աշխատողի հիմնական աշխատավարձի չափը (պաշտոնային դրույքաչափը) սահմանվում է աշխատանքային պայմանագրով: Աշխատողը Խորհրդի սահմանած կարգով կարող է ստանալ լրավճար, հավելավճար և պարգևատրում:
6.3. Լրավճարի, հավելավճարի և պարգևատրման միջոցների գոյացման և վճարման կարգը սահմանվում է գործատուի ներքին իրավական ակտերով:
 
  1. Աշխատողի պարտականությունները
7.1. Յուրաքանչյուր Աշխատող կրթահամալիրում ունի աշխատավայր (մասնաճյուղ), որի ղեկավարը համարվում է Աշխատողի անմիջական ղեկավարը:
7.2. Աշխատողի պարտականությունները որոշված են ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Պլանով, Ակտերով:
7.3. Մանկավարժական աշխատողը պատասխանատու է հեղինակային մանկավարժության ծրագրերի իրականացման համար:
7.4. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի աշխատողների ժողովներին, կրթահամալիրի ղեկավարի, մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ մասնակցել այլ քննարկումների:
7.5. Աշխատողը պարտավոր է իր աշխատատեղում և իր գործունեության ընթացքում պահպանել հիգիենիկ և անվտանգ միջավայր, ունակ լինել մասնակցելու և նպաստելու անվտանգ կենսագործունեություն ապահովող միջոցառումներին, ուսումնական պարապմունքի գնալիս ժամացույց ունենալ:
7.6. Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ, գործածել Live&Edu հասցեների համակարգը, մասնակցել կրթահամալիրի կայքի պահպանման և զարգացման աշխատանքին, իմանալ կայքում հրապարակված նորությունները:
7.7. Աշխատողը պարտավոր է մասնակցել մասնագիտական վերապատրաստման դասընթացների, միջոցառումներին, մշտապես ինքնակրթվել և գործնականում կիրառել դրա արդյունքները:
7.8. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, սովորողների ընդունելության, խորացված ուսուցման դասարանների ձևավորման աշխատանքին:
 
  1. Աշխատողի իրավունքները
8.1. Աշխատողի իրավունքները որոշված են Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Ակտերով:
8.2. Աշխատողն իրավունք ունի սահմանված կարգով մասնակցելու կրթահամալիրում և մասնաճյուղերում իրականացվող ծրագրերին:
8.3. Աշխատողն իրավունք ունի անարգել ստանալու կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկություն, մասնակցելու կրթահամալիրում իրականացվող բոլոր միջոցառումներին, հավաքներին, ժողովներին, քննարկումներին, վարչական խորհրդի, մասնաժողովի և կրթահամալիրի խորհրդի նիստերին:
8.4. Աշխատողն անվճար օգտվում է կրթահամալիրի գրադարանից, սահմանված չափով` (անհատական չափը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի ղեկավարը) ինտերնետից:
8.5. Աշխատողն իր հիմնական աշխատատեղում ունի աշխատանքային պայմաններ, սնվելու պայմաններ:
8.6. Աշխատողն անվճար ստանում է մասնագիտական աջակցություն կրթահամալիրի մասնաճյուղերի (ուսուցողական ծրագրերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների, ծառայությունների) կողմից:
 
  1. Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
9.1. Կրթահամալիրի ուսուցողական ծրագրի սովորողը այն երեխան է, ում ծնողն ընտրում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը և Խորհրդի հաստատած կարգով մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում է ուսումնառության մասին պայմանագիր:
9.2. Սովորողի իրավունքները սահմանված են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներով, օրենսդրությամբ, Կանոններով:
9.3. Սովորողն իրավունք ունի ընտրելու իր նախասիրած գործունեությունը, խորացված ուսուցումը:
9.4. Սովորողը ուսումնառության ընթացքում օգտվում է ինքնավարության իր ընտրած տարբերակից, ինքնասպասարկումից և ազատությունից` իր ստեղծագործական ներուժը, մասնագիտական հետաքրքրությունները դրսևորելու և զարգացնելու նպատակով:
9.5. Սովորողն իրավունք ունի անհատական կամ կոլեկտիվ գրավոր կամ բանավոր դիմում հղելու Տնօրենին, խորհրդին, մասնաճյուղի ղեկավարին, յուրաքանչյուր Աշխատողի, 7-օրյա ժամկետում ստանալու նրանցից հիմնավորված ու սպառիչ պատասխան:
9.6. Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով օգտվելու կրթահամալիրի գրադարանից և բոլոր ուսումնատեխնիկական միջոցներից:
9.7. Սովորողն իրավունք ունի իր ընտրությամբ մասնակցելու ցանկացած ծրագրի կազմման, իրականացման և գնահատման աշխատանքներին:
9.8. Սովորողը սահմանված կարգով կարող է փոխել ուսուցողական ծրագիրը, դասարանը, խումբը:
9.9. Սովորողը սահմանված կարգով տեղեկացվում է կրթահամալիրում անցկացվող ուսումնական քննարկումների և նրանց արդյունքների մասին:
9.10. Ծնողական միջոցներով սովորողի համար մասնաճյուղում կազմակերպվում է ընտանեկան պայմաններով երկարօրյա խնամքի և ուսուցման խումբ:
9.11. Կրթահամալիրը կազմակերպում է սովորողների անվտանգ, ապահով տեղափոխումը (այդ թվում` ուսումնական ճամփորդությունների ժամանակ) ծնողների միջոցներով:
9.12. Անհրաժեշտության դեպքում սովորողն անվճար օգտվում է երեխայի զարգացման` լոգոպեդի, հոգեբանի, արտթերապևտի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի ծառայություններից:
9.13. Կրթահամալիրի նախադպրոցական սաներն անվճար օգտվում են նախադպրոցականին ուղղված ծառայություններից: Ոչ աշխատանքային օրերին (ժամերին) գործում է նախադպրոցականի խնամքի մատչելի ծառայություն:
9.14.Սովորողը պարտավոր է հարգել և պաշտպանել կրթահամալիրի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները, կատարել ուսումնական պլանը, հարգել ուսումնական պարապմունքների հաստատված ժամատախտակը, դասացուցակը, ուսումնական պլանով որոշված կարգերը, ուսումնական պարապմունքի գնալիս ժամացույց ունենալ:
9.15. Սովորողը պարտավոր է կատարել իր բոլոր ուսումնական հանձնարարությունները, մասնակցել կրթահամալիրի կայքի ստեղծմանը և զարգացմանը:
9.16. Սովորողը պարտավոր է ունենալ էլեկտրոնային հասցե, գործածել էլեկտրոնային փոստը, Live@Edu հասցեների համակարգը, 2-րդ դասարանից սկսած գործածել ինտերնետ, իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակել նաև համացանցում, այդ թվում` որևէ   սոցիալական ցանցում:
9.17. Սովորողը պարտավոր է բարեխիղճ օգտվել կրթահամալիրի գույքից և ուսուցման միջոցներից, սահմանած կարգով վերականգնել կրթահամալիրին հասցված նյութական վնասը:

9.18. Սովորողը պարտավոր է առանց ուշացման հաճախել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին, զբաղվել ուսումնական-հայրենագիտական գործունեությամբ, մասնակցել ուսումնական պլանով որոշված ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, հրապարակել իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները:

9.19. Սովորողը պարտավոր է իր բացակայության, ուշացման մասին նախօրոք տեղյակ պահել մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին, իսկ չտեղեկացնելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրագիր:
9.20. Սովորողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման աշխատանքին:
9.21. Սովորողի ուսումնական տարվա, ուսումնական շաբաթվա և արձակուրդների տևողությունը և ժամկետները որոշվում է այդ ուսումնական տարվա ուսպլանով:
9.22. Սովորողի ուսումնական աշխատանքի վերաբերյալ հաշվառումը կատարվում է կրթահամալիրի մասնաճյուղի աշխատողների ժողովի կողմից առաջարկված և Տնօրենի հաստատած կարգի ու ձևի համաձայն:
9.23. Սովորողն ունի կրթական նախաձեռնությունն իրականացնելու իրավունք:
9.24. Սովորողը պարտավոր է մաքուր պահել ուսումնական աշխատավայրը, մասնակցել ինքնասպասարկման և հանրօգուտ աշխատանքներին:
9.25. Սովորողը պարտավոր է 5-րդ դասարանից սկսած` սահմանված կարգով ներկայացնել իր ուսումնական գործունեության ամսական, ընտրությամբ գործունեության (խորացված ուսուցման) տարեկան հաշվետվությունը:
9.26. Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատումը կատարվում է կրթահամալիրի մասնաժողովի կողմից առաջարկված և կրթահամալիրի խորհրդի հաստատած կարգով և ձևով, որն արտացոլվում է ուսումնական պլաններում և ծրագրերում:
9.27. Սովորողի կողմից Կանոնների խախտումը կարող է ուսումնառության պայմանագրի լուծման հիմք լինել:
 
  1. Ծնողի իրավունքներն ու պարտականությունները
Կրթահամալիրի ուսումնական հաստատությունների սովորողների ծնողներն ունեն Եվրոպայի ծնողների ասոցիացիայի (EPA) կանոնադրության մեջ թվարկված հիմնական իրավունքներն ու պարտականությունները:
10.1. Ծնողներն իրավունք ունեն.
  • համարվելու իրենց երեխաների առաջնային կրթողները,
  • օգտվելու կրթահամալիրում առկա կրթական ծրագրերից և ծառայություններից` իրենց երեխաների պահանջներին, ընդունակություններին և արժանիքներին համապատասխան,
  • կրթական հաստատությունից ստանալու իրենց երեխաներին վերաբերող ցանկացած տեղեկություն,
  • իրենց երեխաների համար ընտրելու այն կրթությունը, որն ամենից մոտ է իրենց համոզմունքներին և արժեքներին, որոնք կարևոր են համարում դաստիարակության համար,
  • ազդելու իրենց երեխաների դպրոցների կողմից տարվող քաղաքականության վրա:
10.2.  Ծնողի իրավունքներն իրականացվում են ուսումնառության պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուն համապատասխան:
10.3.  Ծնողները մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում են ուսումնառության պայմանագիր, որով սահմանվում են լրացուցիչ կրթական ծառայությունները և նրանց համար ծնողի կողմից հատկացվող ուսումնական լրավճարների չափը:
10.4.  Ծնողն իրավունք ունի իր և դասավանդողի (ծրագրի ղեկավարի, Տնօրենի) տարաձայնությունների հարցը տեղափոխելու Խորհրդի օրակարգ:
10.5.  Ծնողները պարտավոր են.
  • պատասխանատվությամբ վերաբերվել իրենց երեխաներին անհատականության զարգացման առանձնահատկություններին և հարգել նրանց իրավունքները,
  • կրթության հարցում համագործակցել իրենց երեխաների դպրոցների հետ,
  • իրենց երեխաների դպրոցներին տրամադրել բոլոր այն տեղեկությունները, որոնք առնչվում են կրթական նպատակների համատեղ իրականացման գործընթացին,
  • իրենց երեխաների կրթության գիտակից և իրազեկ ընտրություն կատարել,
  • անձնապես նվիրված լինել իրենց երեխաների դպրոցին, որը տեղական համայնքի կարևորագույն մասն է,
  • իրենց և իրենց երեխաների շահերը ներկայացնելու նպատակով կազմակերպել ժողովրդավարական ներկայացուցչական կազմակերպություններ բոլոր մակարդակներում,
  • ունենալ էլեկտրոնային հասցե, հետևել կրթահամալիրի կայքին, իրենց երեխաների ուսումնական աշխատանքի արդյունքներին հետևել նաև համացանցում,
  • սովորողներին ապահովել հանրակրթության, նախասիրական գործունեության և խորացված ուսուցման համար անհրաժեշտ անհատական (այդ թվում` թվային) միջոցներով,
  • ապահովել իրենց երեխաների մասնակցությունը ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին:
10.6.   Մասնաճյուղի սովորողի ծնողը պարտավոր է ուսումնառությունը շարունակելու մասին պայմանագիրը կնքել մինչև հուլիսի 1-ը:
10.7.   Ծնողի կողմից Կանոնների և ուսումնառության պայմանագրով որոշված պարտականությունների խախտումը կարող է ուսումնառության պայմանագրի լուծման հիմք լինել:
10.8.   Սովորողների, դասավանդողների, ծնողների և այլ շահառուների իրավունքների առարկայական պաշտպանության նպատակով կարող է ստեղծվել դպրոցական իրավապաշտպանի ինստիտուտ:
 
  1. Կրթահամալիրում ուսուցման լեզուն հայերենն է: