• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանի աշխատակարգ

Հաստատված է կրթահամալիրի 27.02.2012թ. մասնաժողովում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանը (այսուհետ` դատարան) կրթահամալիրի տնօրենի խորհրդակցական մարմին է, կրթահամալիրի իրավական կրթության ուսումնական-արտադրական լաբորատորիա:

Յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի համար դատարանի դատավորին մանկավարժության լաբորատորիայի ներկայացմամբ նշանակում է կրթահամալիրի տնօրենը` կրթահամալիրի աշխատողներից: Աշխատանքային ծավալից բխող անհրաժեշտության դեպքում դատավորը կարող է դիմել կրթահամալիրի տնօրենին՝ երկրորդ դատավորը նշանակելու համար:

Դատավորը կրթահամալիրի սովորողներից ընտրում է օգնական և քարտուղար: Դատավորի` տվյալ գործի դատաքննության համար ծախսած ժամանակը ընդգրկվում է նրա աշխատաժամանակում կամ կրթահամալիրում   կարգով համարվում է լրացուցիչ աշխատանք:
Դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:
Շահագրգիռ անձն իրավունք ունի սույն աշխատակարգով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով, կրթահամալիրի կանոնադրությամբ սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
Սույն աշխատակարգով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմելու այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

Դատարանը  գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:
Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:
Դատարանում դատը վարվում է հայերեն:
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
Դատարանում  գործերի քննությունը դռնբաց է:
Գործի քննությունը կատարվում է բանավոր:
Գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունն սկսվում է սկզբից:
Դատարանը վեճերը և այլ գործերը լուծում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի, կրթահամալիրի կանոնադրության հիման վրա:
Վիճելի հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա):
Դատարանը գործերով կայացնում է վճիռներ, որոշումներ (այսուհետ` դատական ակտեր): Դատական ակտը օրինական ուժ է ստանում կրթահմալիրի տնօրենի համապատասխան հրամանով, որը սահմանված կարգով հրապարակվում է:
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է կրթահամալիրի բոլոր աշխատողների, սովորողների, նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) համար:
Դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա: Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:
Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչև դատաքննության ավարտը:
Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատական նիստը հայտարարվում է փակված։ Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատավորը փոխարինվում է մեկ այլ դատավորով:
Ինքնաբացարկի արդյունքում փոխարինած դատավորը գործի քննությունն իրականացնում է սկզբից:

Հայցը կարող է հարուցվել մի քանի հայցվորի (համահայցվորներ) կողմից համատեղ կամ ընդդեմ մի քանի պատասխանողի (համապատասխանողներ): Հայցվորներից և պատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն: Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին, կրթահամալիրի կանոնադրությանը և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:
Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:
Փորձագետի` տվյալ գործի դատաքննության համար ծախսած ժամաքանակը ընդգրկվում է նրա աշխատաժամանակում, կամ կրթահամալիրում սահմանված կարգով համարվում է լրացուցիչ աշխատանք: 
Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին: Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են առերես հարցաքննվել: Վկան դատարանին ցուցմունքներ է տալիս բանավոր: Վկան դատարանի առաջարկությամբ կարող է իր ցուցմունքները շարադրել գրավոր (էլեկտրոնային):

Հայցադիմումը ներկայացվում է գրավոր (էլեկտրոնային):
Հայցադիմումում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը` ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարան»,
2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը,
3) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.
4) հայցապահանջները հաստատող ապացույցները.
5) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.
6) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:
Հայցադիմումն ստորագրում է հայցվորը:
Հայցադիմումն ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա:
Եթե հայցվորը դժվարանում է հայցը ձևակերպել ներկայացվող պահանջներին համապատասխան,  դատավորը կարող է նշանակել խորհրդատու:

Դատավորը պարտավոր է վարույթ ընդունել սույն աշխատակարգով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը:
Դատավորը հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը: Ընդունված հայցադիմումը և ներկայացված փաստաթղթերը տեղադրվում են mskh.am կայքի «Խաղարկային դատարան» էջում:
Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Դատարանը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում` որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով վերադարձնելով հայցվորին:
Դատարանը պատասխանողին պատշաճ ձևով (էլեկտրոնային նամակով) տեղեկացնում է է հայցադիմումի մասին, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը: Հայցադիմումի պատասխանը տեղադրվում է mskh.am կայքի «Խաղարկային դատարան» էջում:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`

1) դատարանի անվանումը` ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարան»,
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.

ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.

4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին:

Պատասխանը ստորագրում է պատասխանողը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցելու ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:
Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե

1) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
2) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:

Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.
3) հայցվորը հրաժարվել է հայցից.
4) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստում, որի մասին պարտադիր կարգով էլեկտրոնային նամակով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները, հայտարարություն է տեղադրվում mskh.am կայքում:
Գործը միանձնյա քննող դատավորը կատարում է նախագահողի պարտականություններ:
Նախագահողը ղեկավարում է դատական նիստը` մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ:
Նախագահողի գործողությունների դեմ գործին մասնակցող անձանց առարկությունները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ:

Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն, ձայնագրություն: Դատական նիստը տեսագրվում է:

Հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունեն դատարանին խնդրելու վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը: Դատաքննությանը հատկացվող առավելագույն ժամկետը 4 ամիս է:
Գործը հետաձգելուց հետո դրա նոր քննությունը վերսկսվում է ընդհատման պահից:
Վեճն ըստ էության լուծելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:

Դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:

2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի դատավորը՝ Վանիկ Գաբրիելյան։