• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Գնահատման էլեկտրոնային համակարգ. ընթացիկ և կիսամյակային գնահատում

Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական պրոցեսի անօտարելի բաղկացուցիչն է: Այն միտված է ապահովելու սովորողների և դասավանդողների կոմպետենտության մակարդակի անընդհատ աճը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը: Գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումը լինում է ներքին և արտաքին: Արտաքին գնահատումն իրականացվում է հիմնական դպրոցի ավարտին և միջնակարգ դպրոցի ավարտին սովորողների ամփոփիչ ատեստավորմամբ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է գնահատել սովորողի համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչով սահմանված շրջանավարտին ներկայացվող պահանջներին: Արտաքին գնահատում է նաև ԿԳ նախարարության կողմից անցկացվող տարբեր հետազոտություններին մասնակցությունը:

Ներքին գնահատումն իրականացվում է սովորողների կիսամյակային, տարեկան ամփոփիչ գնահատումների, կրթահամալիրային հետազոտությունների նպատակով: Սովորողը՝ կիսամյակի վերջում մասնակցում է «Ես կարողանում եմ...» ստուգատեսին, ներկայացնում ուսումնական տարեկան գործունեության հաշվետվություն։ Դասավանդողը, դպրոցի ղեկավարը՝ սովորողի կատարած աշխատանքի հիման վրա կատարում են կիսամյակային, տարեկան գնահատում, անհրաժեշտության դեպքում՝ ուսումնասիրություն կիսամյակի ընթացքում: Կիսամյակի ընթացքում կատարվում է սովորողի ուսումնական աշխատանքի՝ մասնակցության, արդյունքների գրանցում։

1-3-րդ դասարաններում կատարվում է որակական գնահատում: Գնահատումը կատարում է դասարանի ծրագրի ղեկավարը` դասվարը: Դպրոցի էլեկտրոնային գնահատման մատյանում սովորողներից յուրաքանչյուրն էջ ունի, որտեղ դասվարը պարբերաբար լրացնում է սովորողի ուսումնական աշխատանքը: Էջը մատչելի է սովորողի ծնողին, դասարանում դասավանդողներին: Մատյանը մատչելի է դպրոցի ղեկավարին, գնահատման ծառայության ղեկավարին, կրթահամալիրի հոգեբանին, լոգոպեդին, այլ մասնագետների: Կիսամյակի վերջում և տարվա վերջում ամփոփվում է սովորողի` սահմանված կարգի, զարգացման բնութագիրը, որը հաստատում է ուսուցողական ծրագրի ղեկավարը: Եթե 2-3-րդ դասարանի սովորողին անհրաժեշտ է լինում նիշային գնահատում, ապա դասավանդողները գնահատում են նրան 10 միավորանոց համակարգով, ինչը հաստատում է ուսուցողական ծրագրի ղեկավարը:

4-12-րդ դասարանում սովորողի ընթացիկ, կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումներն իրականացնում է տվյալ առարկայի դասավանդողը` առարկայի ծրագրով որոշված գնահատման սկզբունքների համաձայն: Սովորողի ուսումնական աշխատանքի ընթացիկ գնահատումը սովորողի ջանքի (ուսումնական աշխատանքի քանակի) և  ուսումնական աշխատանքի արդյունքների արձանագրումն է: Սովորողի ուսումնական բլոգը (4-րդ դասարանից սկսած`պարտադիր է ունենալ և վարել անհատական բլոգ) նրա աշխատանքին և զարգացմանը  հետևելու հարմար գործիք են. այդտեղ երևում են սովորողի խոսքային, տեխնոլոգիական հմտությունների զարգացումը, աշխարհայացքի և մշակութային մակարդակի զարգացումը, հետաքրքրությունները (լրացուցիչ կրթությունը): Դասավանդողը, ծնողը, ընկերները սովորողի բլոգի պարտադիր ընթերցողներն են: Նրանք աշխատանքը բլոգում գնահատում են կարծիքների, էլեկտրոնային նամակների միջոցով: Բլոգում չհրապարակվող ուսումնական ամենօրյա աշխատանքը երևում է սովորողի ուսումնական օրագրում (էլփոստում կամ դպրոցի էլեկտրոնային ուսումնական այլ տարածքում): Օրացույցը հասանելի է դասավանդողին, ծնողին, դպրոցի գրասենյակին (դպրոցի փոստային հասցեի միջոցով): Ուսումնական օրագրում  իրականացվում է նաև սովորողի հեռավար ուսուցումը: Դասավանդողն իր առարկայից սովորողի ուսումնական աշխատանքի խոսքային գնահատում բլոգում կամ գնահատման մատյանում անում է առնվազն ամիսը մեկ անգամ:

4-12-րդ դասարաններում կիրառվում է սովորողների գնահատման միավորային համակարգ: Առարկայի կամ դասընթացի գնահատման կարգը որոշվում է կրթահամալիրի մասնաժողովի հաստատած և հրապարակված կարգով: Կիսամյակային և տարեկան գնահատումների համար կիրառվում են 10 միավորանոց և 2 միավորանոց (հանձնած-չհանձնած) համակարգեր: Առարկայական և դասընթացների ծրագրերը բաժանված են բովանդակային բլոկների` իրենց համապատասխան առաջադրանքներով: Այդ առաջադրանքները կարող են նախատեսված լինել և՛ բանավոր, և՛ գրավոր կատարման համար: Ընթացիկ գնահատման էլեկտրոնային մատյանն ունենում է առարկայական ծրագրերով որոշված գնահատման բաղկացուցիչները ներկայացնող տիրույթներ` էջ, դաշտ, սյունակ, ակումբային աշխատանքի, ուսումնական նախագծի, ճամփորդության մասնակցության, լրացուցիչ կրթության գնահատման էջեր: Ընթացիկ գնահատման մատյանը  մատչելի է սովորողների ծնողներին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակին: Մատյանում գրանցում անում են դասավանդողները, ուսումնական նախագծի, ուսումնական ճամփորդության ղեկավարները, դպրոցի ղեկավարը: Ընթացիկ գնահատմանը պարբերաբար հետևում են դպրոցի ղեկավարը, գնահատման ծառայությունը:
Կիսամյակային և տարեկան գնահատման հիմքում դրվում է ընթացիկ գնահատումը, որն արված է սովորողի անհատական բլոգի, ուսումնական օրացույցի, անհատապես և խմբով կատարած աշխատանքների այլ թղթապանակի հիման վրա, հետազոտական-ստեղծագործական հրապարակված աշխատանքը (աշխատանքային նախագիծ), ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցությունը, լրացուցիչ կրթությունը, որոնք արձանագրվում են սովորողի կողմից իր  բլոգում հրապարակվող հաշվետվություններում: Սովորողի հաշվետվության հղումը գրասենյակի ղեկավարը տեղադրում դպրոցի կայքի «Հաշվետվություններ» բաժնում:

5-րդ դասարանի վերջում կատարվում է կրթահամալիրային հետազոտություն` սովորողների ընդհանուր կոմպետենցիաների համապատասխանությունը հեղինակային կրթական ծրագրի պահանջներին, ինչպես նաև սովորողների գիտելիքները, կարողությունները, հմտությունները մայրենի լեզու, օտար լեզու, մաթեմատիկա, բնագիտություն, տեխնոլոգիա բնագավառներում:
9-րդ դասարանում` 2-րդ կիսամյակում, կրթահամալիրի քննական կենտրոնը կազմակերպում է սովորողների ստուգում հայոց լեզու և գրականություն, օտար լեզու, մաթեմատիկա, բնական գիտություններ, հասարակական գիտություններ բնագավառներից: 12-րդ դասարանում առանձին առարկաներից և դասընթացներից սովորողի ուսումնառության արդյունքները սահմանված կարգի համաձայն ստուգվում են կրթահամալիրի քննական կենտրոնի կողմից: 4-րդ դասարանի վերջում անց է կացվում կրթահամալիրային հետազոտություն` սովորողների ընդահանուր կոմպետենցիաների համապատասխանությունը կրթահամալիրային չափորոշիչներին: 9-րդ դասարանի վերջում սովորողները մասնակցում են ԿԳ նախարարության սահմանած կարգով ամփոփիչ ստուգումների: Սովորողի մասնակցությունը, այդ ստուգումներին, որոշվում է նրա տարեկան գնահատականներով` ուսուցողական ծրագրի ղեկավարի հրամանով: 9-րդ դասարանցիների տարեկան գնահատականները ամփոփվում են մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը: 12-րդ դասարանի վերջում սովորողները մասնակցում են ԿԳ նախարարության սահմանած կարգով ամփոփիչ ստուգումների: Սովորողի մասնակցությունը, այդ ստուգումներին, որոշվում է նրա տարեկան գնահատականներով` ուսուցողական ծրագրի ղեկավարի որոշմամբ:

1-12-րդ դասարաններում 1-ին կիսամյակն ամփոփվում է հունվարի վերջին շաբաթվա ընթացքում։ 9-րդ և 12-րդ դասարանցիների տարեկան գնահատականները ամփոփվում են ուսումնական տարվա տարվա մայիսի 20-ը: 5-8-րդ և 10-11-րդ դասարանցիների տարեկան գնահատականներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հունիսի 25-ը:

Կրթահամալիրում գրավոր ստուգումները, ինքնաստուգումները, ուսումնասիրությունները կազմակերպվում են ուսուցման ՏՀՏ միջոցներով։

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.