• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Կրթահամալիրում ուսումնառության և աշխատանքի ընթացքում սովորողի և աշխատողի հետ կատարված արտակարգ պատահարի գրանցման և արձագանքման կարգ

Սովորողի և աշխատողի հետ կատարված արտակարգ պատահար համարվում են.

  1. Առանց սահմանված կարգով տեղեկացնելու՝ աշխատողի աշխատանքի չներկայանալը։
    Համապատասխան օղակի գրասենյակի ղեկավարը, կադրերի տեսուչը, գրանցում են աշխատողի բացակայությունը կադրերի տեսուչի պահոցում տեղադրված գրանցամատյանում, գրանցում որպես արտակարգ պատահար, տեղեկացնում մասնաճյուղի ղեկավարին, փորձում հեռախոսազանգի կամ այլ միջոցներով կապ հաստատել աշխատողի հետ։
  2. Վարակիչ հիվանդությունը։
    Վարակիչ հիվանդության մասին իմացողը տեղեկացնում է համապատասխան գրասենյակի ղեկավարին, տվյալ օղակի բուժքրոջը։ Բուժքույրը ձեռք է առնում համապատասխան կանխարգելիչ միջոցներ։ Մասնաճյուղի ղեկավարի նշանակած անձը պարբերաբար տեղեկանում է հիվանդի վիճակով։
  3. Գործունեության կամ պատահարի արդյունքում մարդու ստացած վնասվածքը։
    Պատահարի մասին իմացողը տեղեկացնում է համապատասխան գրասենյակի ղեկավարին, տվյալ օղակի բուժքրոջը։ Բուժքույրը ցույց է տալիս առաջին բուժօգնություն, անհրաժեշտության դեպքում հրավիրում շտապօգնություն։ Մասնաճյուղի ղեկավարի նշանակած անձը պարբերաբար տեղեկանում է հիվանդի վիճակով։
  4. Կրթական օբյեկտի տարածքում ծխելը։
    Ծխելուն ականատեսը զգուշացնում է ծխողին, որից հետո այդ մասին տեղեկացնում է համապատասխան գրասենյակի ղեկավարին՝ նշելով մասնակիցներին։ Մասնաճյուղի ղեկավարը ծխողի հարցը քննարկում է մանկավարժական խորհրդում։ Ծխող է համարվում նաև պասիվ ծխողը՝ ծխողի նկատմամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկողը։
  5. Ծեծկռտուքը։
    Ծեծկռտուքին ականատեսը ծեծկռտուքը դադարեցնելու միջոցներ է ձեռնարկում, որից հետո այդ մասին տեղեկացնում է համապատասխան գրասենյակի ղեկավարին՝ նշելով մասնակիցներին։ Մասնաճյուղի ղեկավարը ծեծկռտուքին մասնակից սովորողների հարցը քննարկում է մանկավարժական խորհրդում։
  6. Չթույլատրված տեղով փողոցն անցնելը. փողոցային երթևեկության կանոնների խախտումը։
    Չթույլատրված տեղով փողոցն անցնողը, փողոցային երթևեկության կանոնները խախտողը վտանգում է իր և ուրիշների կյանքը։ Կարգախախտը զգուշացվում է տեղում, նրա մասին տեղյակ է պահվում համապատասխան դպրոցի գրասենյակի ղեկավարին։ Մասնաճյուղի ղեկավարը կարգազանց սովորողին պատժում է, իսկ դասավանդողին ներկայացնում կրթահամալիրի տնօրենին՝ տույժի ենթարկելու։
  7. Դասից փախչելը (մենակ կամ խմբով)։
    Ուսումնական պարապմունքների ժամանակ դասից փախչող սովորողի կամ սովորողների խմբի մասին իմացողը այդ մասին տեղեկացնում է համապատասխան գրասենյակի ղեկավարին՝ նշելով մասնակիցներին։
  8. Կրթահամալիրին կամ կրթահամալիրի տարածքում անձին նյութական վնաս հասցնելը։
    Պատահարի մասին իմացողը տեղեկացնում է համապատասխան գրասենյակի ղեկավարին։ Մասնաճյուղի ղեկավարը միջոցներ է ձեռք առնում վնաս հասցնողին հայտնաբերելու համար և սահմանված կարգով կազմակերպում է վնասի փոխհատուցումը։
  9. ՀՀ օրենք խախտելը կամ այլոց օրինախախտության թիրախ դառնալը։ 
    Պատահարի մասին իմացողը այդ մասին տեղեկացնում է համապատասխան գրասենյակի ղեկավարին։ Մասնաճյուղի ղեկավարը միջոցներ է ձեռք առնում օրինախախտին հայտնաբերելու համար, անհրաժեշտության դեպքում դիմում օրինապահ մարմիններին։ Հարցը քննարկում է մանկավարժական խորհրդում։
  10. Ինտերնետի բացակայությունը։
    Ինտերնետի տեղական բացակայության դեպքում հայտաբերողը դիմում է մասնաճյուղի պատասխանատուին։ Եթե պատասխանատուն անմիջապես չի կարողանում վերացնել խնդիրը, գրանցում է mskh.am-ում տեղադրված գրանցամատյանում, տեղեկացնում կրթահամալիրի համապատասխան մասնագետին։ Կրթահամալիրի մասնաճյուղում ինտերնետի բացակայության դեպքում մասնաճյուղի ղեկավարը կամ պատասխանատուն գրանցում է կատարում mskh.am-ում տեղադրված գրանցամատյանում, տեղեկացնում կրթահամալիրի համապատասխան մասնագետին և կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին։ Կրթահամալիրի մասնագետը առաջացած խնդրի և դրա վերացման մասին գրանցում է նույն գրանցամատյանում։
  11. Կայքի անհասանելի լինելը։
    Կայքի անհասանելի լինելու մասին իմացողը այդ մասին տեղյակ է պահում կայքի խմբագրին և կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին։ Կայքի պատասխանատուն mskh.am-ում տեղադրված գրանցամատյանում այդ մասին գրանցում է անում, հենց որ դա հնարավոր է դառնում, նամակով բացատրություն ուղարկում կայքի շահառուներին։
  12. Գազի, էլեկտրաէներգիայի, ջրի անջատումները, կոյուղու վթարները։
    Պլանավորված անջատումների մասին կրթահամալիրի պատասխանատուն ժամանակին տեղեկացնում է համապատասխան մասնաճյուղի ղեկավարին։ Չպլանավորված անջատումների դեպքում իմացողն այդ մասին տեղեկացնում է համապատասխան գրասենյակի ղեկավարին։
  13. Տարածքի (սենյակի, շենքի) ինչ-որ պատճառով վտանգավոր դառնալը։
    Տարածքի (սենյակի, շենքի) ինչ-որ պատճառով վտանգավոր լինելու մասին իմացողն անմիջապես տեղեկացնում է համապատասխան գրասենյակի ղեկավարին։
  14. Հեծանվի անսարքություն։
    Արգելվում է անսարք հեծանվի շահագործումը։ Հեծանիվների սարքին վիճակի համար պատասխանատու է դպրոցի տրիաթլոնի կազմակերպիչը։ Ճանապարհին անսարքություն առաջանալու դեպքում, որը հնարավոր չէ վերացնել տեղում, կա՛մ հեծանիվը տեղափոխվում է տրանսպորտով, կա՛մ հրելով։
  15. Գնման գործընթացի ժամանակին չկատարելը։
    Գնման գործընթացի ժամանակին՝ 3 օրվա ընթացքում չկատարվելու մասին պատվիրատուն տեղեկացնում է կրթահամալիրի գրասենյակի ղեկավարին և կրթահամալիրի գնումների պատասխանատուին։

Գրասենյակի ղեկավարը պատահարի մասին գրավոր (անհնարինության դեպքում՝ զանգով) տեղեկացնում է մասնաճյուղի ղեկավարին, պատահարը գրանցում ենթակայքում, մասնաճյուղի պահոցում՝ համապատասխան գրանցամատյանում։
Օրվա ընթացքում` պատահարի վերացումից հետո, մասնաճյուղի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը, կրթահամալիրի  տնօրենին գրավոր տեղեկացնում են արտակարգ պատահարի հաղթահարման հետ կապված միջոցառումների և դրանց արդյունքի մասին, հետագայում նույնպիսի պատահարից խուսափելուն ուղղված առաջարկություններ։

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.