Հայրենագիտական-հետազոտական ծրագրի նախագիծ
Փոփոխված է կրթահամալիրի 19.11.2012թ. մասնաժողովում, կրթահամալիրի տնօրենի N 12-370 հրամանի համաձայն։
Գնահատման էլեկտրոնային համակարգ. ընթացիկ և կիսամյակային գնահատում
Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական պրոցեսի անօտարելի բաղկացուցիչն է: Այն միտված է ապահովելու սովորողների և դասավանդողների կոմպետենտության մակարդակի անընդհատ աճը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները և դասընթացների ծրագրերը, որոշելու սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի համապատասխանության աստիճանը կրթահամալիրի չափորոշչի պահանջներին: Կրթահամալիրային չափորոշիչը ընդգրկում է հանրակրթության պետական չափորոշիչի պահանջները:
Գնահատումը լինում է ներքին և արտաքին: Արտաքին գնահատումն իրականացվում է հիմնական դպրոցի ավարտին և միջնակարգ դպրոցի ավարտին սովորողների ամփոփիչ ատեստավորմամբ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է գնահատել սովորողի համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչով սահմանված շրջանավարտին ներկայացվող պահանջներին: Արտաքին գնահատում է նաև ԿԳ նախարարության կողմից անցկացվող տարբեր հետազոտություններին մասնակցությունը:
Ներքին գնահատումն իրականացվում է սովորողների ընթացիկ և կիսամյակային, տարեկան ամփոփիչ գնահատումների, կրթահամալիրային հետազոտությունների նպատակով: Կիսամյակային գնահատումը կատարվում է տվյալ կիսամյակում սովորողի կատարած աշխատանքով, տարեկան գնահատումը` տարվա ընթացքում սովորողի կատարած աշխատանքվ: Առարկայի կամ դասընթացի գնահատման կարգը մշակելիս պետք է հաշվի առնել, որ ընթացքում բոլոր առաջադրանքները բարեխիղճ կատարող սովորողի համար պետք է ապահովված լինի 8 միավորը (2 միավորանոց համակարգի դեպքում` հանձնած), առավելագույն կիրառություն պետք է ապահովել մեդիահանձնարարությունների և մեդիաստուգումների համար:
1-4-րդ դասարաններում կատարվում է որակական գնահատում: Գնահատումը կատարում է դասարանի ծրագրի ղեկավարը` դասվարը: Դպրոցի էլեկտրոնային գնահատման մատյանում սովորողներից յուրաքանչյուրն էջ ունի, որտեղ դասվարը պարբերաբար լրացնում է սովորողի աճի վերաբերյալ իր դիտումները, նկատառումները: Էջը մատչելի է սովորողի ծնողին, դասարանում դասավանդողներին, որոնք նույնպես այնտեղ կարող են լրացնել իրենց դիտարկումները, հարցերը: Մատյանը մատչելի է դպրոցի ղեկավարին, գնահատման ծառայության ղեկավարին, կրթահամալիրի հոգեբանին, լոգոպեդին, այլ մասնագետների: Կիսամյակի վերջում և տարվա վերջում ամփոփվում է սովորողի` սահմանված կարգի, զարգացման բնութագիրը, որը հաստատում է ուսուցողական ծրագրի ղեկավարը: Ընթացիկ դիտումներին հետևում է ծնողները, դպրոցի ղեկավարը, գնահատման ծառայութունը: Եթե 2-4-րդ դասարանի սովորողին անհրաժեշտ է լինում նիշային գնահատում, ապա դասավանդողները գնահատում են նրան 10 միավորանոց համակարգով, ինչը հաստատում է ուսուցողական ծրագրի ղեկավարը: 4-րդ դասարանի վերջում անց է կացվում կրթահամալիրային հետազոտություն` սովորողների ընդահանուր կոմպետենցիաների համապատասխանությունը կրթահամալիրային չափորոշիչներին:
5-12-րդ դասարանում սովորողի ընթացիկ, կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումներն իրականացնում է տվյալ առարկայի դասավանդողը` առարկայի ծրագրով որոշված գնահատման սկզբունքների համաձայն: Սովորողի ուսումնական աշխատանքի ընթացիկ գնահատման մեջ կարևորվում է սովորողի ջանքի (ուսումնական աշխատանքի քանակ) և ուսումնական աշխատանքի արդյունքների արձանագրումը: Սովորողի ուսումնական բլոգը (5-րդ դասարանից սկսած`պարտադիր է ունենալ և վարել անհատական բլոգ) նրա աշխատանքին և զարգացմանը հետևելու հարմար գործիք են. այդտեղ երևում են սովորողի խոսքային, տեխնոլոգիական հմտությունների զարգացումը, աշխարհայացքի և մշակութային մակարդակի զարգացումը: Դասավանդողը, ծնողը, ընկերները սովորողի բլոգի պարտադիր ընթերցողներն են: Նրանք աշխատանքը բլոգում գնահատում են կարծիքների միջոցով: Բլոգում չհրապարակվող ուսումնական ամենօրյա աշխատանքը երևում է սովորողի ուսումնական օրագրում (էլփոստի օրացույցում): Օրացույցը հասանելի է դասավանդողին, ծնողին, դպրոցի գրասենյակին (դպրոցի փոստային հասցեի միջոցով): Ուսումնական օրագրում է իրականացվում նաև սովորողի հեռավար ուսուցումը: Դասավանդողն իր առարկայից սովորողի ուսումնական աշխատանքի խոսքային գնահատում բլոգում, օրագրում կամ գնահատման մատյանում անում է ամիսը առնվազն մեկ անգամ:
5-12-րդ դասարաններում կիրառվում է սովորողների գնահատման միավորային համակարգ: Առարկայի կամ դասընթացի գնահատման կարգը որոշվում է կրթահամալիրի մասնաժողովի հաստատած և հրապարակված կարգով: Կիսամյակային և տարեկան գնահատումների համար կիրառվում են 10 միավորանոց և 2 միավորանոց (հանձնած-չհանձնած) համակարգեր: Առարկայական և դասընթացների ծրագրերը բաժանված են բովանդակային բլոկների` տնային և ստուգման հանձնարարությունների համար իրենց համապատասխան առաջադրանքներով: Այդ առաջադրանքները կարող են նախատեսված լինել և´ բանավոր, և´ գրավոր կատարման համար: Ընթացիկ գնահատման էլեկտրոնային մատյանն ունենում է առարկայական ծրագրերով որոշված գնահատման բաղկացուցիչները ներկայացնող տիրույթներ` էջ, դաշտ, սյունակ, ակումբային աշխատանքի, ուսումնական նախագծի, ճամփորդության մասնակցության գնահատման էջեր: Ընթացիկ գնահատման մատյանը մատչելի է սովորողների ծնողներին, գնահատման ծառայության ղեկավարին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակին: Մատյանում գրանցում անում են դասավանդողները, ուսումնական նախագծի, ուսումնական ճամփորդության ղեկավարները, դպրոցի ղեկավարը: Ընթացիկ գնահատմանը պարբերաբար հետևում են դպրոցի ղեկավարը, գնահատման ծառայությունը:
Կիսամյակային և տարեկան գնահատման հիմքում դրվում է ընթացիկ գնահատումը, որն արված է սովորողի անհատական բլոգի, ուսումնական օրացույցի, անհատապես և խմբով կատարած աշխատանքների այլ թղթապանակի հիման վրա, հետազոտական-ստեղծագործական հրապարակված աշխատանքը (աշխատանքային նախագիծ), ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցությունը, որոնք արձանագրվում են սովորողի կողմից իր բլոգում հրապարակվող ամսական և կիսամյակային հաշվետվություններում: Սովորողի կիսամյակային հաշվետվության հղումը գրասենյակի ղեկավարը տեղադրում դպրոցի կայքի «Հաշվետվություններ» բաժնում:
6-րդ դասարանի վերջում կատարվում է կրթահամալիրային հետազոտություն` սովորողների ընդհանուր կոմպետենցիաների համապատասխանությունը կրթահամալիրային չափորոշիչներին, ինչպես նաև սովորողների գիտելիքները, կարողությունները, հմտությունները մայրենի լեզու, օտար լեզու, մաթեմատիկա, բնագիտություն, տեխնոլոգիա բնագավառներում:
8-12-րդ դասարաններում գրավոր ստուգումները կազմակերպվում են որպես մեդիաստուգումներ:
9-րդ դասարանում` կիսամյակը մեկ անգամ, կրթահամալիրի քննական կենտրոնը կազմակերպում է սովորողների ստուգում հայոց լեզու և գրականություն, օտար լեզու, մաթեմատիկա, բնական գիտություններ, հասարակական գիտություններ բնագավառներից:
9-րդ դասարանի վերջում սովորողները մասնակցում են ԿԳ նախարարության սահմանած կարգով ամփոփոիչ ստուգումների: Սովորողի մասնակցությունը, այդ ստուգումներին, որոշվում է նրա տարեկան գնահատականներով` ուսուցողական ծրագրի ղեկավարի հրամանով: 9-րդ դասարանցիների տարեկան գնահատականները ամփոփվում են մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը:
12-րդ դասարանում առանձին առարկաներից և դասընթացներից սովորողի ուսումնառության արդյունքները սահմանված կարգի համաձայն ստուգվում են կրթահամալիրի քննական կենտրոնի կողմից: 12-րդ դասարանի վերջում սովորողները մասնակցում են ԿԳ նախարարության սահմանած կարգով ամփոփիչ ստուգումների: Սովորողի մասնակցությունը, այդ ստուգումներին, որոշվում է նրա տարեկան գնահատականներով` ուսուցողական ծրագրի ղեկավարի որոշմամբ: 12-րդ դասարանցիների տարեկան գնահատականները ամփոփվում են մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը:
5-8-րդ և 10-11-րդ դասարանցիների տարեկան գնահատականներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հունիսի 25-ը:
Կարծիք
Կարծիք ավելացնել